Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Հովհաննիսյան. «Ոչ ոք չգիտի, թե ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ինչ որոշում կկայացնի»

Սեպտեմբեր 07,2017 21:13

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է սեպտեմբերի վերջին ինը երկրների հավաքականների նկատմամբ, որոնց մեջ է նաեւ Հայաստանը, պատժամիջոց կիրառելու եւ 2017 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելու որոշում հրապարակել:

Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը Atavot.am-ի հետ զրույցում ասաց. «Միջազգային ֆեդերացիան հինգ հոգուց բաղկացած հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում են նաեւ Քյոլնի լաբորատորիայի երկու աշխատակիցներ: Նրանք այն մեթոդի հեղինակներն են, որով հնարավոր դարձավ ստանոզոլոլն ու տուրինաբոլը 400 օր անց հայտնաբերել: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը նրանք պետք է քննարկեն եղած առաջարկներն ու որոշում կայացնեն, թե ինչպես վարվել հավաքականների եւ այն ծանրորդների հետ, որոնց՝ Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի լրացուցիչ դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, ոչ ոք չգիտի: Տարբեր առաջարկներ են եղել: Մեկը՝ ինը երկրների հավաքականներին, որոնց կազմում երեք եւ ավելի մարզիկ, որ ժամանակին «մաքուր» են եղել, իսկ նոր ստուգումից հետո դարձել «ոչ մաքուր», որակազրկել մեկ տարով եւ թույլ չտալ մասնակցել նոյեմբերի վերջին մեկնարկող աշխարհի առաջնությանը: Կան նաեւ ավելի կարճ ժամանակով որակազրկելու առաջարկներ: Կրկնում եմ՝ ինչ որոշում կկայացվի, ոչ ոք չգիտի: Հնարավոր է՝ չթողնեն միայն աշխարհի այս առաջնությանը մասնակցել, կամ որակազրկեն մինչեւ Եվրոպայի հաջորդ առաջնություն»:

Հարցին, թե հաշվի կառնվի՞ այն, որ Պեկինից եւ Լոնդոնից հետո Հայաստանի ծանրորդները հակադոպինգային կանոնները չեն խախտել, իսկ մյուս երկրների հավաքականներում շարունակվել են նոր որակազրկումները, Արեգ Հովհաննիսյանը պատասխանեց. «Շատ մանրամասն քննարկումներ են սպասվում, հաշվի է առնվելու ամեն ինչ: Հնարավոր է՝ այդ ինը երկրներից յուրաքանչյուրի համար տարբեր խստության վճիռներ կայացվեն»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե IWF-ի գործկոմի կայացնելիք որոշումը վերջնակա՞ն է լինելու: «Եթե նայենք օրենսգրքին, մարզիկները որոշումից հետո 21 օրվա ընթացքում կարող են դիմել միջազգային սպորտային դատարան եւ ՎԱԴԱ՝ բողոքարկելու միջազգային ֆեդերացիայի վճիռը», – ասաց Արեգ Հովհաննիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930