Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ներկայացուցիչ Պետր Պավելի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգությանը և «Արևմուտք-2017» զորավարժություններին առնչվող հարցեր:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունը:
«Բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և գեներալ-գնդապետ Պետր Պավելը կարծիքներ են փոխանակել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում միջազգային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ռուսաստանի Գլխավոր շտաբի ղեկավարը ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ներկայացուցչին մանրամասն տեղեկացրել է սպասվող «Արևմուտք-2017» ռազմավարական զորավարժությունների մասին՝ հատկապես ընդգծելով դրա պլանային և պաշտպանողական բնույթը, և որ դա ուղղված չէ երրորդ երկրի դեմ: Բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ուշադրություն է հրավիրել զորավարժությունների նպատակի վրա՝ ապահովել Միութենական պետության անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել կապերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ