Լրահոս
Օրվա լրահոսը

Այն քաղաքական գործիչներն ու ընկերությունները, որոնք գումարներ են ստացել Ադրբեջանի իմիջը մաքուր ցույց տալու համար, պետք է պատժվեն. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2017 20:07

Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը կոչ է անում հետաքննել այն քաղաքական գործիչներին, բանկերին և ընկերություններին, որոնք օգնել են Եվրոպայում Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տալու համար, և, հարկ եղած դեպքում, պատժել հանցագործներին:

ԹԻ-ն մեկնարկելու է ազգային և միջազգային ջատագովության արշավներ` թիրախավորելով փողերի լվացման դեմ պայքարը` բացահայտելու կոնկրետ հանցագործությունը և կոչ  անելու միջազգային կազմակերպություններին, ներառյալ Եվրոպայի խորհրդին, հետաքննելու ոչ պատշաճ վարքագիծը և ձեռնարկելու ուղղիչ գործողություններ:

Կոչին նախորդել է վեց երկրների (Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորության և ԱՄՆ) լրագրողների կողմից իրականացված հետաքննությունը կասկածելի ֆինանսական ցանցի վերաբերյալ, որը գումար է փոխանցել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամից: Վերջինիս միջոցներով գումարներ են վճարվել որոշումներ կայացնողներին և  եվրոպացի ազդեցիկ անհատներին:

«Վրդովեցուցիչ է տեսնել, թե ինչպես են այնպիսի պատկառելի հաստատություններում, ինչպիսին է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի հանվում և գումարի դիմաց աչք փակում կոռուպցիայի, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարումների վրա: Նրանք պետք է պատժվեն, և մենք ճնշում կգործադրենք իշխանությունների վրա, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն: Պատմությունն այստեղ չի ավարտվում»,- ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ Խոսե Ուգասը:

Հետաքննությամբ պարզվել է, որ ֆինանսական ցանցի կենտրոնը Դանիայում ազդեցիկ «Դանսկե» բանկն է և հատկապես այդ բանկի մասնաճյուղը Էստոնիայում: Նաև մատնանշվում են 4 կեղծ ընկերություններ, որոնք հիմնադրվել են Միացյալ Թագավորությունում` գաղտնի օֆշորային սեփականատերերով, ովքեր փող են ստացել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամից: Բացի դրանից, հայտնի է, որ անհատներն ու քաղաքական գործիչները վճարումներ են ստացել Գերմանիայի և ՄԹ այս ընկերություններից:

Զեկույցները ցույց են տալիս, որ այդ փողն ստացած քաղաքական գործիչներն ու խորհրդականներն այնպիսի դիրք ունեն, որ ազդում են Ադրբեջանում մարդու իրավունքների չարաշահման վերաբերյալ փաստաթղթերին առնչվող որոշումների կայացման վրա ԵԽԽՎ-ում: Վճարումների նպատակն է սահմանափակել մարդու իրավունքների ոտնահարմանը և ընտրակեղծիքներին առնչվող այն տեղեկատվությունը, որ կարող է վնաս հասցնել երկրի համբավին:

«Այս հետաքննությունները ցույց են տալիս, որ անգամ այն երկրներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված, ինչպես Դանիայում է, որը ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքով աղյուսակի առաջատար դիրքերում է գտնվում, կարգավորող մարմինները դեռևս ձախողում են փողերի լվացման դեմ օրենսդրության կիրառումը», – ավելացրել է Ուգասը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը, որն այդ պատմությունը բացահայտած` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի գործընկերն է, ճնշում կգործադրի համապատասխան իշխանությունների վրա՝ ապահովելու, որ ցանկացած իրավախախտում հետաքննվի և պատժվի և կարգավորման սողանցքերը փակվեն:

Որպես առաջին քայլեր Թրանսփարենսի Ինթերնեշնլը՝

ապացույց կներկայացնի ԵԽԽՎ-ի կոռուպցիան հետաքննող հատուկ խմբին սեպտեմբերի 7-ին և կպահանջի լիարժեք, թափանցիկ հետաքննություն,

կապահովի ԱՄՆ իշխանություններին վերաբերող հետաքննությանն առնչվող փաստաթղթեր, քանի որ Ադրբեջանի Միջազգային բանկը տեղակայված է Միացյալ Նահանգներում:

Ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամը նաև սատարում է Ադրբեջանի իշխող ընտանիքի և մերձավոր մեղսակիցների ցանցի, այդ թվում` Գերմանիայի և այլ երկրների ընկերությունների առաջնորդների և քաղաքական գործիչների շռայլ կենսակերպը: Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ գումարն օգտագործվել է Չեխիայում ֆուտբոլի ակումբ, թանկարժեք իրեր, և կարևոր անշարժ գույք գնելու համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը նաև՝

կոչ կանի Չեխիայի, Դանիայի, և Գերմանիայի իշխանություններին՝ հետաքննելու գաղտնի սեփականատերերով կեղծ ընկերությունների դերը և կպահանջի վերանայել իրական սեփականատերերի հանրային ռեգիստրերը,

կոչ կանի այդ երկրների իշխանություններին՝ խստացնել և գործադրել փողերի լվացման դեմ ընթացակարգերը,

կոչ կանի, որ լիակատար հետաքննություն իրականացվի նրանց նկատմամբ, ովքեր «կեղտոտ փողեր» են ստանում միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում,

կպահանջի, որ Եվրոպայում քաղաքացիները դիմեն իրենց երկրների այն պատգամավորներին, որոնք մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին, որ նրանք ընդունեն ավելի խիստ բարեվարքության չափորոշիչներ կոռուպցիայի և չարաշահումների մեղադրանքի լույսի ներքո:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930