Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Բարսեղյանը խոստացավ՝ իր ցուցմունքում հիմնավորել՝ Նորիկ Հակոբյանի հետ ինչու է հանդիպել, ինչ զրույց է ունեցել

Սեպտեմբեր 07,2017 19:33

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նույն դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի՝ կաշառքի գործով դատական նիստին այսօր հետազոտվեց գործով ապացույց ընդգրկված լազերային մեկ սկավառակ:

«Ինչ միջոցառում էր այդ սկավառակում, այդպես էլ չհասկացանք: Միայն կարող էինք ենթադրել, որ կաշառքի նմանակում միջոցառումն է»,- Aravot.am-ին նիստից հետո ասաց Իշխան Բարսեղյանի պաշտպան՝ փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Ըստ նրա՝ «Կաշառքի նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառումը սկսվել է 19: 35-ին, ավարտվել՝ 22:40, այսինքն՝ երեք ժամ: Այդ ամբողջ ընթացքը պետք է տեսանկարահանվի եւ տեսաձայնագրվի, դա օրենքի պահանջն է, բայց դատարան էր ներկայացվել ընդամենը 13 րոպե, 59 վայրկյան տեւողությամբ ինչ-որ ձայնագրություն, ամբողջը մոնտաժված»:

Փաստաբանի խոսքով, կաշառքի նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման արձանագրությունը՝ թղթային տարբերակը, արդեն հետազոտել են դատարանում, հակասություններ արձանագրել. «Ըստ այդ թղթային տարբերակի՝ հաղորդում տված անձ Նորիկ Հակոբյանը, նույնպես մասնակցել է ամբողջ միջոցառմանը, հետո էլ իբրեւ թե ստորագրել է, բայց Նորիկ Հակոբյանը ցուցմունք տվեց՝ ասելով, որ ինքը փողերի քիմիական մշակմանը չի մասնակցել, Իշխան Բարսեղյանին փողը տալուց հետո գնացել է տուն իր ճանապարհով, ոչ մի գործողության չի մասնակցել, հաջորդ օրը քննիչն իրեն կանչել ՀՔԾ, բայց տեսանյութում Նորիկը, բնականաբար, չկա»:

Մեր հարցին՝ եթե հետազոտված տեսանյութը համարում եք կաշառք վերցնելու նմանակում, ապա իրականում, եթե ձեր պաշտպանյալը կաշառք չէր վերցնում, ապա ինչ նպատակով էր քաղաքացու հետ հանդիպել ու նրանից գումար վերցնում, ինչպես երեւում է նաեւ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում, փաստաբանը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է՝ ինչու է Նորիկին հանդիպել ու ինչ խոսակցություն է տեղի ունեցել, ապա Իշխան Բարսեղյանն այսօր հայտարարեց, որ ինքը ցուցմունք կտա ու կհիմնավորի, թե Նորիկ Հակոբյանի հետ ինչու է հանդիպել, ինչ զրույց է ունեցել , ինչի շուրջ է եղել այդ զրույցը, այ իր ցուցմունքից հետո ամբողջական պատկերը պարզ կլինի, թե ինչու ենք ասում՝ բերեք ամբողջ տեսանյութը»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն համացանցում տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Իշխան Բարսեղյանը քաղաքացուց վերցնում գումարը: Այդ հայտնի տեսանյութը դեռ դատարանում չի հետազոտվել:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930