Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացավ Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը

Սեպտեմբեր 07,2017 18:50

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) «Հանգիտագրքի» շնորհանդեսը:

Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանը և Հասմիկ Կիրակոսյանը: Առաջաբանը գրել է իրանագետ Վահան Բայբուրդյանը: Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում՝ Փերիո Կրթասիրաց միության վարչության նախաձեռնությամբ: Նվիրված լինելով 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի իրանահայ համայնքի պատմությանը՝ գիրքն ընդգրկում է տվյալների ավելի լայն շրջանակ. Ստեփանոս Երեցի Պատմությունը կարևորագույն տեղեկություններ է պարունակում նաև հարևան երկրների՝ Աֆղանստանի, Հարավային Կովկասի երկրների, հատկապես Վրաստանի պատմության վերաբերյալ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը՝ նշելով, որ բացառիկ աղբյուրագիտական արժեք ներկայացնող այս գրքի լույսընծայումը Մատենադարանի և Սփյուռքի նախարարության փայլուն համագործակցության արդյունքն է:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով. «Այս գրքի շնորհիվ հայ պատմագրությունը հարստացավ ևս մեկ սկզբնաղբյուրով: Դարեր շարունակ պատմական ճակատագրի բերումով հայ ժողովուրդը արմատախիլ է եղել սեփական հայրենիքից և սփռվել ողջ աշխարհով, ապրելով օտարների տիրապետության ներքո՝ մարտնչել է, պայքարել, ապրել ու արարել՝ պահպանելով իր ինքնությունը, լեզուն ու մշակույթը: Ուրախալի է, որ Մատենադարանի գիտաշխատողների օգնությամբ իրականացվել է ձեռագիր մատյանի աշխարհաբար թարգմանության դժվարին աշխատանքը, և այսօր մենք արձանագրում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր հայրենակիցների ապրելու և ստեղծագործելու համար ստեղծել է լավագույն պայմանները: Իրանի հայ համայնքը դարձել է Հայաստան-Իրան դարավոր բարեկամության ամրակուռ կամուրջը»:

Նախարարն իր խոսքում բարձր էր գնահատել գիրքը հրատարակելու՝ Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությունը, աշխատությունը գրաբարից աշխարհաբար փոխադրելու՝ Մատենադարանի տնօրինության պատրաստակամությունը և Մատենադարանի գիտաշխատողների բարեխղճությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը:

Փերիո կրթասիրաց միությունն արժանացել էր ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալին, որը նրանց հանձնեց Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում  Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար Հոսեին Շիրխանին: Փոխանցելով ԻԻՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սեյեդ Քազեմ Սաջադի խոսքերը՝ առաջին քարտուղարը նախ շնորհակալություն հայտնեց Փերիո կրթասիրաց միությանը՝ գրքի տպագրության գործը նախաձեռնելու համար: Նա նշեց, որ հայերը դարեր շարունակ ապրել են Իրանում և օգնել իրանական մշակույթի զարգացմանը: Հայաստանում  ԻԻՀ Արտակարգ և լիազոր դեսպանության առաջին քարտուղարը շնորհակալություն հայտնեց նաև Մատենադարանին՝ գրքի աշխարհաբար փոխադրության գործը և շնորհանդեսը կազմակերպելու համար:

Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության կողմից գրքի հրատարակման պատասխանատու Գասպար Ամիրխանյանը ներկայացրեց գրքի աշխարհաբար փոխադրության աշխատանքները նախաձեռնելու և այն տպագրելու պատմությունը: Նա նշեց, որ գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Թեհրանում հուլիսի 19-ին: «Ամեն ինչ սկսվեց 2014 թ. օգոստոսին, երբ մենք Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանում կազմակերպեցինք «Փերիայի օրերը Հայաստանում» եռօրյա ծրագիրը: Այնժամ նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկեց մաս-մաս ուսումնասիրել Նոր Ջուղայում հավաքված հայկական մշակութային ժառանգությունը: Այս գրքի հրատարակումը Հայաստան-Սփյուռք լավագույն գործակցության արդյունք է և հուսով եմ՝ այն շարունակական կլինի»,- նշեց նա:

Գրքի փոխադրության և տպագրության աշխատանքներին աջակցելու և շնորհանդեսը կազմակերպելու համար Գասպար Ամիրխանյանը Փերիո Կրթասիրաց միության շնորհակալագրերով պարգևատրեց Վահան Բայբուրդյանին, Թամարա Մինասյանին,  Լուսինե Թումանյանին, Հասմիկ Կիրակոսյանին և ՀՀ ՍՆ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությանը:

ԻԻՀ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, գրքի նախաբանի հեղինակ, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանն ընդգծեց, որ պատմագիտական արժեք ներկայացնող գրքի լույսընծայման հարցում լուրջ խթան է հանդիսացել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նվիրումը գործին: Պրոֆեսորը խոսեց հայ մշակույթի զարգացման գործում իրանահայ համայնքի ներդրման մասին:

Գրքի պատմագիտական-աղբյուրագիտական և բանասիրական արժեքների մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և   Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանը՝ նշելով, որ Ստեփանոս Երեցի «Հանգիտագրքի» բնագրի և աշխարհաբար փոխադրության ամբողջական  հրատարակությամբ առաջին անգամ շրջանառության մեջ է մտնում մի երկ, որը կարևոր սկզբնաղբյուր է իրանահայ գաղթօջախի, հատկապես Փերիա, Բուրվառ, Նոր Ջուղա գավառների պատմության և ընդհանրապես Իրանի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրման համար:

Գրքի՝ աշխարհաբար փոխադրելու աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանը: Նա նշեց, որ «Հանգիտագիրքը» մեզ է հասել երկու ձեռագրով: Բնագիրը Նոր Ջուղայի ձեռագրատանը պահվող թիվ 654 մատյանն է:  Երկրորդ մատյանը պահվում Մատենադարանում, որը 1945-1946 թվականներին Ջուղայի ձեռագրից ամբողջությամբ ընդօրինակել է իրանահայ բանասեր Լևոն Մինասյանը:

Շնորհանդեսի ավարտին Հայաստանում  ԻԻՀ դեսպանատան առաջին քարտուղար Հոսեին Շիրխանին դեսպանի անունից իրանական զարդանաշխերով գորգ նվիրեց Մատենադարանին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930