Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հյուսիս-հարավ» ծրագիրը կարող է դառնալ Շիրակի գյուղերից արտագաղթի պատճառ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2017 18:40

Aravot.am-ի հետ զրույցում «Բիոսոֆիա» հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով հնչող այն մտահոգություններին, որ Հայաստանը չի կարողանա ավարտին հասցնել «Հյուսիս-հարավ» ծրագիրն, ասաց․ «Ինձ հասցնել-չհասցնելն անհանգստացնում է այն առումով, որ այդ ծրագրի համար մենք անընդհատ նոր վարկեր ենք վերցնում, պարտքերն ավելացնում ենք։ Ավելացնում ենք և էդպես էլ էդ ճանապարհը չի դառնում մեր համար էն բարձրակարգ, շրջանցող ճանապարհը, որով պիտի անցնեինք, տրանսպորտային հոսքերի համար պիտի լիներ էն լավագույն ճանապարհներից մեկը՝ եվրոչափանիշներով, միջազգային չափանիշներով։

Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն փաստը, որ ծախսում ենք փողերը, բայց արդեն որերորդ անգամ՝ երրորդ, չորրորդ անգամ անընդհատ մենք ունենք նույն վիճակը, որ չի ավարտվում ճանապարհի կամ այս կամ այն հատվածը։ Ավարտվել է ընդամենը երկու հատված, որոնք երկկողմանի ճանապարհներ եղել են նույնիսկ Խորհրդային տարիներին։ Աշտարակ-Երևան հատվածն են համարում ավարտված, բայց այնտեղ առանձնապես բան չկար, միայն բետոնապատման աշխատանքներն էին, էական հողաշինական աշխատանքներ չկային և Երևան-Արարատ հատվածը։ էնտեղ նույնպես էական փոփոխություններ չկային, Խորհրդային տարիներից սկսած՝ երկկողմանի ճանապարհ էր էնտեղ․ ո՛չ ճանապարհը լայնացվել է, ո՛չ լուրջ բաներ են փոխվել։ Աշտարակ-Գյումրի հատվածում մի քանի հատվածներ կառուցվում են արդեն 7-8 տարի։ Երևան գնալն այսօր շատ դժվար է հենց էդ պատճառով, որ ողջ ճանապարհին ճանապարհաշինության նշաններն են դրված, սահմանափակումներ կան և կարելի է ասել՝ գործը տեղից առաջ չի շարժվում։

Անդրադառնամ նաև Շիրակի մարզին, այս մարզի տարածքում հիմնական մասը, ինչը որ արդեն արվել է, այդ հատվածում ճիշտ է՝ մեծ քանակությամբ հողային ռեսուրսներ, վարելահողեր, կարելի է ասել, կորցրել ենք, բայց դրանք ճանապարհամերձ հատվածներում են․ ճանապարհի ուղեծրեր քիչ են փոխվել, որ ասենք էական շեղումներ կան մեր մարզի տարածքում։ Բայց այն հատվածը, որը վերաբերում է Գյումրուն շրջանցողին և դեպի Բավրա գնացողին, այդ հատվածում ունենք շատ լուրջ փոփոխություններ ճանապարհի եզրագծի, ուղեծրի։ Դա, իմ կարծիքով, շատ վատ է այն առումով, որ միշտ ասում ենք՝ Հայաստանը սակավահող երկիր է, ջրովի վարելահողերի քանակը քիչ է, բայց մենք էս ծրագրով էական ազդեցություն ենք ունենում հենց ջրովի վարելահողերի վրա։ Եվ մենք էդ ջրովի վարելահողերի ահագին մասը, կոպիտ ասած, նախատեսում ենք ոչնչացնել»։

Ըստ Գևորգ Պետրոսյանի, Հյուսիս-հարավ ճանապարհը կանցնի Ազատանի, Արևիկի, ինչպես նաև Ախուրյան- Կառնուտ միջհամայնքային տարածության հարթավայրի բարձրակարգ ջրովի վարելահողերով, Հացիկի ու Քեթիի վարելահողերով, Թորոսի հատվածում նույնպես կլինի նույն պատկերը։ «Հասկանում եմ տրամաբանությունն, ասում են՝ պետք է անպայման համայնքը շրջանցի, համայնքների միջով չի կարելի տանել, բայց ինչպե՞ս է լինում Բավրայում անցնում է համայնքի միջով, այնտեղ կարելի է, իսկ մյուս տեղերում՝ ոչ։ Եթե այդ տրամաբանությունն է դրված, ուրեմն ողջ ճանապարհի ընթացքով դա պետք է արվի, ոչ թե գնա, հասնի Բավրա, Բավրայում արդեն կարելի է համայնքի միջով, մյուս համայնքներում չի կարելի համայնքի միջով։ Հանրային քննարկումների ժամանակ մշտապես այս հարցը քննարկվել է, այս հարցի մասին բազմիցս բարձրաձայնել ենք, բայց ի՞նչն է աբսուրդ, նույնիսկ էկոլոգիական գնահատումները, երբ որ բերում են, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության էդ նախագծերը, չկա գնահատած ոչ մի ազդեցություն, թե Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ այս ծրագրի շրջանակում կամ ճանապարհի էդ հատվածի կառուցման շրջանակում ինչքան վարելահողեր է կորցնում և դա ինչպիսի՞ սոցիալական, տնտեսական ազդեցություն կարող է թողնել ժողովրդի վրա։ Սա ընդհանրապես չի հաշվարկված, չի հաշվվում ոչ մի գնահատման մեջ։ Իրենք խոսում են փոշուց, աղմուկից, կառուցման ընթացքում չգիտեմ էսքան ջրցան մեքենաներ կաշխատեն, էն կանեն, էս կանեն, էս ժամերին կաշխատեն, որ աղմուկը չխանգարի ժողովրդին, ծիծաղելի բաներից են խոսում, բայց իրական ռեսուրսների վրա ունեցած ազդեցությունից ընդհանրապես չեն խոսում։ Սա շատ կարևոր հատված է, մի քանի անգամ էս հարցը բարձրաձայնել եմ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների մոտ, հանրային քննարկումների ընթացքում, բայց, ցավոք, էլի էդ հատվածները չեն մտել ոչ մի գնահատման նախագիծ»,- ասում է մեր զրուցակիցը։

Գևորգ Պետրոսյանի ասելով, հիմնականում խոսում են փոխհատուցումների մասին՝ մարդկանց հետ չքննարկելով այլընտրանքները։ «Դեռևս Խորհրդային տարիներից նախատեսված էր Գյումրին շրջանցող ճանապարհահատված, դա մինչև էսօր էլ գոյություն ունի։ Ճանապարհահատվածը կառուցված է, մեծամասամբ էդ շրջանցող հատվածը Ախուրյանի միջով է անցնում, և կարելի է մի քանի հատվածներում, ճանապարհների հատվող հատվածներում ճանապարհաշինական ենթակառուցվածքներ կառուցել, էդ հարցը լուծել։ Բայց, ցավոք, չեն ուզում, միշտ պատճառաբանում են, թե դա ֆինանսապես ավելի դժվար է, բայց ոչ մի անգամ հաշվի չեն առնում, թե տնտեսապես դա ինչքան ավելի ձեռնտու է։ Ավելի լավ է մենք հիմա դրա վրա շատ ծախսենք, մեր ջրովի վարելահողերը չոչնչացնենք անվերադարձ։

Միայն Ազատան, Արևիկ ու Ախուրյան գյուղերի հատվածներում 100-150 հեկտար ջրովի վարելահող է ոչնչանում, որովհետև մարդիկ չեն վաճառելու միայն այն հատվածը, որը մնում է ճանապարհի տակ, մարդիկ վաճառում են իրենց ամբողջ հողակտորը, եթե ճանապարհն անցնում է իրենց հողակտորի մի հատվածով, ամբողջ հողակտորի համար փոխհատուցում է ստանում։ Եվ այստեղ նաև կա ուրիշ կարևոր հատված, էդ ողջ հատվածներում, ճանապարհի երկու կողմերում սեփականության ձևը փոխվում են, հետո որոշակի ենթակառուցվածքներ կառուցելու համար, եթե մեկը ուզում է ճանապարհի մոտ ասենք մի խանութ դնել կամ սպասարկման օբյեկտ կառուցել, ստիպված է լինում շատ մեծ գներով հողակտոր վերցնել, որ ինչ-որ բան կառուցի։ Էսօր փոխհատուցում են տալիս, ի՞նչ պիտի տան, շատ-շատ մի հեկտարին 5-6 հազար դոլար, բայց հետո ամեն մի փոքր հողակտորը շինարարության համար վաճառվելու է շատ մեծ գներով։ Սա նույնպես շատ լուրջ խնդիր է»,- ասում է Գևորգ Պետրոսյանը։

Նրա մտահոգությունն այն է , որ գյուղացին, զրկվելով իր ջրովի վարելահողերից, կթողնի, կարտագաղթի։ «Էլ գյուղում ապրելու իմաստը ո՞րն է, մարդիկ չունեն հարյուրավոր հեկտարներ, ունի 1-2-3 հեկտար հող, եթե դրա կեսից մարդը զրկվում է, պարզ է, որ քիչ-քիչ պիտի թողնի գյուղը։ Մեր հասարակական կազմակերպությունը կարող է մի քանի անգամ դիմել, բարձրաձայնել, գրավոր դիմել, կռիվ անել հանրության շահերն առաջ տանել, բայց վաղը գյուղացիները, էդ հողերի սեփականատերերը կարող են ասել՝ շատ լավ է, թող առնեն, ես վերցնեմ փողը, թողնեմ, գնամ էս երկրից։ Կարող է ժողովրդի կարծիքը հակառակ լինել, այստեղ պետք է պետական մոտեցում լինի, այստեղ պետք է երկրի ապագայի մասին մտածելու մոտեցում լինի։ Ես կարծում եմ, որ «Հյուսիս-հարավ» ծրագիրը կարող է արտագաղթի պատճառ դառնալ։ Եթե օտարման, տարաբնակեցման քաղաքականությունը նայեք, կտեսնեք, որ իսկապես կարող է նպաստել, կարող են էդ գյուղերից մարդիկ աստիճանաբար հեռանալ, եթե ես կորցնում եմ իմ վարելահողերը, որոնք իմ եկամտի հիմնական աղբյուրն է, ո՞րն է իմաստը, որ մնամ էդ գյուղում։

Շատերը իրենց ապագան չեն կապում մեր երկրի հետ՝ ցավոք։ Ես դա ցավով եմ ասում, հատկապես գյուղերում շատերն են ասում՝ ախպեր, մի հնարք գտնեմ, գնամ էս երկրից, հողի հետ մարդկանց կապը բավականին թուլացել է։ Եթե մենք էսօր էդ ոլորտը նայենք, հատկապես Շիրակի մարզում մարդկանց համար հողային ռեսուրսներն այդ արժեքը չունեն, եթե այս նույն ծրագիրը լիներ Արարատյան դաշտում, ես վստահ եմ, որ այնտեղ այնպիսի աղմուկ կբարձրանար, որ մարդիկ հեշտությամբ չէին զիջի։ Քանի որ մեզ մոտ հողերը ցածր եկամտաբերություն ունեն, մարդկանց աչքին շատ չի երևում, բայց իրականում Շիրակի մարզի հողերը, մանավանդ կլիմայի փոփոխության ներկա պայմաններում շատ ավելի են թանկանալու ժամանակի հետ և երկրի անվտանգության, պարենային ապահովության, անվտանգության տեսակետից կարող են շատ լուրջ դերակատարում խաղալ, որովհետև նույն Արարատյան դաշտում ցորենի արտադրություն չկա, բայց մեր մարզը կարող է հացազգիների արտադրությամբ կերակրել հանրապետության ահագին հատված։ Սա, էլի եմ ասում, պետք է լինի մեր ազգային ռազմավարության, մտածելակերպի մի կարևոր հատված, որ մենք մեր հողային ռեսուրսները, ջրովի վարելահողերը չոչնչացնենք, որովհետև Հյուսիս-հարավ ճանապարհը չեմ կարծում, որ էական բարելավելու է հասարակ քաղաքացիներ կյանքը առաջիկա տարիների ընթացքում։

Ենթադրենք տրանսպորտային հոսքերը մի քիչ շատացան, դեպի երկիր եկող տրանսֆերային գումարները որոշակի շատացան, բայց դրանք մարդկանց սոցիալական պայմանների, կյանքի վրա էական փոփոխություն չեն թողնելու։ Ափսոս է ջրովի հողերը կորցնելը, մանավանդ որ այլընտրանք կա, այսինքն` կարելի է ասել այլընտրանք, այլ հիմնական ճանապարհ կա, որը Խորհրդային տարիներից է դեռևս նախագծված։ Այլընտրանքը սա է, որ առաջարկվել է, ու չգիտեմ որ հանճարեղ մասնագետներն են ասել, հենց սա է այն ճիշտ այլընտրանքը, որ դրվել է մեր քննարկմանը»,- ասում է Գևորգ Պետրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930