Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քանի՞սն են քո հետ կիսվել». Անահիտ Բախշյանը՝ Վարդան Ղուկասյանին

Սեպտեմբեր 07,2017 17:44

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է խստացնել ապօրինի շինությունների համար տուգանքը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները՝ Հրանտ Մադաթյանը, Սերգեյ Բագրատյանը հորդորեցին նախագիծը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, որ ապօրինի շինությունների համար համայնքապետերին տուգանեն:

Վարդան Ղուկասյանի խոսքերով՝ «Գյումրիում երկրաշարժից հետո ապօրինի շինություններ են կառուցվել, ոչ հողի հարկ են մուծում, ոչ գույքահարկ: Հիմա կարող է ասեն՝ ապօրինի եք կառուցել այդ շինությունները, բայց չէ՞ որ երկրաշարժից հետո են էդ մարդիկ կառուցել: Դրա վերաբերյալ ինչ-որ մոտեցում կա՞, թե՞ չէ»:

Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Այս նախագիծն ավելի շատ վերաբերում է կանխարգելմանը, որ ամեն ինչ անենք՝ նոր ապօրինի շինություն չլինի»:

Ուշագրավ էր Սերգեյ Բագրատյանի մոտեցումը. «Հանե՛ք էդ տուգանքները, ամոթ է, 5 հոգի մարդ ենք մնացել, իրար հա տուգանենք, տուգանենք, հետո՞: Անհարմար է: Էստեղ նստած ամեն մեկի վզին 5000 հատ տուգանք կա»:

Վաչե Տերտերյանը զարմացած արձագանքեց՝ «ասենք, ապօրինություն անենք, ու չտուգանվե՞նք»:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, դիմելով Վարդան Ղուկասյանին՝ հարցրեց՝ «Ա՛յ, պարո՛ն Ղուկասյան, դուք քաղաքապետ եք եղել, Գյումրիում ապօրինի շինարարության դեմ ի՞նչ էիք անում, ո՞նց էիք աշխատում»:

Վարդան Ղուկասյանը սկսեց պատասխանել, թե ինչ քայլեր է ինքն արել, նիստին մասնակցող Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չդիմացավ եւ տեղից միջամտեց. «Էդպես մի հարցրեք իրեն, հարցրեք՝ քանի՞սն են քո հետ կիսվել»: Վարդան Ղուկասյանն ի պատասխան՝ սկսեց թարս ու շիտակ նայել:

Բագրատյանն ասաց՝ «Վրաստանում ոնց է, պետավտոտեսուչը կանգնացնում է, մի հատ էլ ասում՝ արի ճանապարհեմ, ոչ թե այստեղի նման, հենց բռնում են՝ տուգանում են: Վաչե Տերտերյանն էլ արձագանքեց՝ ո՛չ այդպես չի, մի հատ սիգարետ տեսնում են, հսկայական տուգանք են դնում, ձեզ չե՞ն տուգանել: Բագրատյանը պատասխանեց՝ «Ես դաստիարակված մարդ եմ, ինձ չեն տուգանել»:

Վարդեւան Գրիգորյանը, միանալով իրենց խմբակցության պատգամավորների պահանջին, հորդորեց տուգանք դնել համայնքապետի վրա: Վաչե Տերտերյանը պատասխանեց՝ «Չի կարելի, որ ես ապօրինություն անեմ, քաղաքապետը գնա պատասխան տա, էդ դեպքում պետք է ոստիկանությանը դատել, գնդակահարել, եթե ես կարմիր լույսի տակով անցնում եմ, մարդասպանություն եմ անում»:

Նախագիծը 5 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930