Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայի մարզում Մովսես գյուղի բնակիչները շենք են վարձել, ուսուցիչներին Մովսեսից տարել, որ կազմակերպեն իրենց երեխաների կրթությունը. Լավրենտի Միրզոյան

Սեպտեմբեր 07,2017 17:34

Լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանի հավաստմամբ` Հայաստանում գրագիտության հետ կապված խնդիր չկա:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Միրզոյանը տեղեկացրեց, թեև ՀՀ-ում սեպտեմբերի 8-ը տոնացույցում ներառված չէ, սակայն աշխարհի մի շարք երկրներում այն նշվում է որպես գրագիտության օր: Ըստ պարոն Միրզոյանի` ՀՀ-ն գրագիտության տեսակետից գտնվում է առաջավոր դիրքերում. «ՀՀ երեք հանրապետությունների ժամանակաշրջանում կրթության կազմակերպման և որակի բարելավմանը լուրջ ուշադրություն է դարձվել: Քսանական թվականներին նաև անգրագիտության դեմ պայքար սկսվեց»:

Թեև ըստ պարոն Միրզոյանի` այսօր ՀՀ-ում չես գտնի մեկին, որ տառաճանաչ չլինի, բայց ողջ աշխարհում 135 միլիոն երեխա դպրոց չի հաճախում, որոնց քառասուն տոկոսը գտնվում են աֆրիկյան երկրներում` Նիգերիայում, Սուդանում, Եթովպիայում, Սահարա անապատի մերձակա երկրներում, Հարավայի Ասիայի և Օվկիանիայի երկրներում. «Մեզ մոտ այդ տեսակետից խնդիր չեմ տեսնում, բայց ՅՈՒՆԻՍԵՖ-ը` ՄԱԿ-ի երեխաների օգնության հիմնադրամը, ծրագրեր է իրականացնում նաև ՀՀ-ում: ԿԳՆ-ի հետ համատեղ ծրագիր է իրականացվում Լոռու մարզում, որտեղ 288 դպրոցականներ դպրոց չեն հաճախում: Այս ծրագրի շրջանակներում ի հայտ են բերվում նման երեխաներ և պայմաններ ստեղծվում վերացնելու դպրոց հաճախելու խոչընդոտները: Ստեղծվել է էլեկտրոնային կապի համակարգ, որ վերահսկվի երեխաների հաճախելիությունը: Այդ ծրագիրը մոտ օրերս կներկայացվի հանրությանը, և այդ շրջանակներում նաև մյուս մարզերում կիրականացվի նմանատիպ ծրագիր»:

Լավրենտի Միրզոյանը բարձրացրեց տեխնոլոգիական գրագիտության կարևորությունը:

Պարոն Միրզոյանը մտահոգություն հայտնեց Բերդի վարժարանի փակման կապակցությամբ. «Բերդի վարժարանն են փակում, փոխարենը մտածենք սահմանն ամրապնդելու մասին: Ի՞նչ է նշանակում ամառվա ընթացքում ամբողջ Շամշադինում երեխաները խոսում են ռուսերեն: Բայց փոխարենը Տավուշում գործարար Գեղամ Առաքելյանն իր միջոցներով ճամբար էր բացել, հրավիրել տարբեր երկրներում ապրող տավուշցիներին, որ գան, հաղորդակցվեն պապական լեզվին: Եթե վարժարան է փակվում, ուսուցիչները մնում են անգործ: Նախկին Շամշադինի շրջանի հարկային տեսչությունը տարան մարզկենտրոն, նրանք էլ մնացին անգործ, սանէպիդկայանի աշխատակիցներն են արդեն նամակ ստացել, որ երկու ամսից կառույցը լուծարվելու է. նրանք էլ դարձան գործազուրկ: Սոցիալական ծառայությունում գրանցված են երկու հազարից ավելի շամշադինցիներ` որպես գործազուրկ: Մենք մեր ձեռքով ստիպում ենք, որ սահմանում ապրող մեր հայրենակիցները թողնեն իրենց բնօրրանը և արտագաղթեն ՌԴ: Ռուսաստանում շուրջ 16 հազար շամշադինցի է ապրում»:

Լավրենտի Միրզոյանը նաև պատմեց, որ Մոսկվայի մարզում Մովսեսի բնակիչները մի շենք են վարձել, ուսուցիչներին Մովսես գյուղից տարել են, որ այնտեղ կազմակերպեն իրենց երեխաների կրթությունը.Իսկ Մովսես գյուղի դպրոց ներկայումս հաճախում է 150 աշակերտ:

Ամփոփելով թեման` պարոն Միրզոյանը վրդովվեց. «Ինչպե՞ս կարելի է. Չինարիի երեխան գալիս, տեսնում է իր վարժարանի դռան վրա գրված է` փակ է: Բա մեր պետությունը չի՞ կարողանում սահմանում մի դպրոց պահել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930