Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության նոր նախագիծը, ըստ որի Հայաստանում վաճառվող միսն անպայման պետք է ունենա սպանդանոցի տեղեկանք, այսինքն, կենդանին, որն իրացվում է, պետք է անպայման մորթի ենթարկված լինի սպանդանոցներում:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադայանը մտահոգվեց. «Ասենք, մարդ է, ուզում է մատաղ անի, պիտի տանի եկեղեցի, եկեղեցուց հետո սպանդանոց, նո՞ր մատաղ լինի: Կամ ասենք բանակի քեֆ է անում, ինքն իր անասունը մորթում է, պիտի անպայման տանի սպանդանոցո՞ւմ մորթել տա, որ քե՞ֆ անի: Նոր տարի է, ժողովուրդը մորթ են անում, հարեւաններին են վաճառում, իրենց բարեկամներին են վաճառում, հիմա ի՞նչ քանակությունից հետո է օրենքը ուժ ստանում»:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ բացառություններ կան ծիսակատարությունների, որսի համար: Եթե որեւէ մարդ ունի կենդանի եւ ուզում է մատաղ անել եւ սեղանին դնել, դա իր իրավունքն է, խոսքը գնում է իրացման ցանցերի, վաճառքի կետերի տալու մասին:
Մադաթյանը ճշտեց. «Մի բան ասեմ, էլի, որ Նոր տարուն մի հատ ցուլիկ մորթում է, իրենը վերցնում է, մնացածը վաճառում է իր հարեւաններին, որ պիտի գնա Նոր տարվա մնացած ապրանքները՝ լիմոնադ, ջուր, բան գնելու, պիտի անպայման սպանդանոցո՞ւմ մորթի»:
Կարապետյանը պատասխանեց, որ եթե մորթում է իր անձնական օգտագործման համար՝ սպանդանոց պարտադիր չի տանի, իսկ եթե պիտի վաճառի որեւէ մեկին՝ սպանդանոցի պահանջը պարտադիր է. «Եթե մարդը նախատեսում է վաճառք իրականացնել՝ չի թույլատրվում»:
Մադաթյանը հարցրեց՝ «Իր հայաթից կարո՞ղ է վաճառել, մարդ է, իր հայաթում մորթում է ու վաճառում, մարդ ես, կարող է մի հատ չուզող հարեւան է ունենում…»: Կարապետյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ մեր փոփոխությունն ինքնանպատակ չի, խոսքը սպանդանոցային մորթի մասին է, որ կարողանանք լավ վերահսկենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ