Երեկ ուշ երեկոյան Արարատի մարզի Ոսկետափ համայնքում իր տան բակում վնասվածքներով մահացած հայտնաբերված ութսունամյա տղամարդը միայնակ էր ապրում: Նրա կինը մեկ ամիս առաջ էր մահացել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը: Ըստ նրա՝ սպանվածը գյուղում հայտնի էր «բուֆետչիկ» մականունով:
«Բուֆետչիկ Սարգիսն էր, առաջ նա բուֆետում է աշխատել, մականունը այդպես էլ մնացել էր բուֆետչիկ: Կինը նոր էր մահացել՝ մեկ ամիս առաջ, միայնակ էր ապրում, երկու տղաները մահացել էին, թոռնիկներ ունի, մի թոռը Ֆրանսիա է գնացել, մյուս թոռն էլ հարեւան գյուղում է ապրում»,- Aravot.am-ին պատմեց Ոսկետափի գյուղապետը:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացու սպանության հանգամանքները պարզելու համար:
Գյուղապետն ասաց, որ տեղյակ չէ՝ իրենց համագյուղացին ինչ վնասվածքներ էր ստացել. «Ես զբաղված մարդ եմ, խիստ զբաղված եմ, մանրակրկիտ չգիտեմ…սովորական, հանգիստ գյուղ է, չեմ իմանում՝ ինչ թշնամիներ նա պետք է ունենար, սաղ օրը կռվի մեջ չենք, որ ասեմ, հանգիստ ապրում ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ