Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշ Գաբրիելյանն իսկապե՞ս վատառողջ էր, թե չուզեց «Սասնա ծռերի» պաշտպանների միջնորդությունը բավարարել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2017 16:35

«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբանների հանդեպ արդեն տասնյակ սանկցիաների որոշումներ է կայացրել, ուստի մենք էլ ենք փորձելու: Դատավորի մեջքին կանգնած է պետությունը, բայց, միեւնույնն է, մենք կդիմենք Արդարադատության խորհրդին»,-ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով փաստաբանների՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին պատասխանատվության ենթարկելու նպատակով Արդարադատության խորհրդին  դիմելու որոշումը, ասաց փաստաբան, ամբաստանյալների պաշտպաններից Գրիշա Բալասանյանը:

Նա նշեց, որ այս պահին դեռ հստակ չէ, թե քանի փաստաբան կմիանա որոշմանը, բայց «Սասնա ծռեր»-ից 18-ի գործով նիստին մասնակից փաստաբանները համակարծիք են:

Բալասանյանը մինչ օրս կայացած դատական նիստերը որպես ձեւական որակեց, որովհետեւ գործի համար էական նշանակության գործողություններ չեն արվել, միայն պաշտպաններն են սանկցիայի ենթարկվել. «Հինգշաբթի օրերն ինձ համար կորած օրեր են…փաստաբան եմ, ներկայացման չեմ եկել, ոչ մեկին էլ ձեռնտու չի այս իրավիճակը»:

Գրիշա Բալասանյանի խոսքով. «Արտուշ Գաբրիելյանն այսօր ավելի վաղ պետք է նիստը հետաձգեր, որովհետեւ բացակա փաստաբաններ կային, եւ դա օրենքով է ամրագրված: Բայց դատավորը պարզապես «հիվանդացավ», որովհետեւ իրեն այդպես էր պետք: Նիստն այլեւս հնարավոր չէր շարունակել, բայց նրան պետք էր որ մեր՝ նիստը հետաձգելու միջնորդությունը չբավարարի»:

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանները միջնորդել էին նիստը հետաձգել, քանի որ գործընկերներից մի քանիսը ներկա չէին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել էր միջնորդությունը, բայց հետաձգել նիստը՝ ասելով, որ պատճառն իր՝ վատառողջ լինելն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930