Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

20 հազար դրամ տուգանք՝ բակում անասուն մորթելու եւ վաճառելու համար. Կառավարության նախագիծը

Սեպտեմբեր 07,2017 16:01

2018-ի հուլիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսն անպայման պետք է ունենա սպանդանոցի տեղեկանք, այսինքն, կենդանին, որն իրացվում է, պետք է անպայման մորթի ենթարկված լինի սպանդանոցներում: Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում այդ մասին կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ ռիսկային է այսօր իրավիճակը մսի շուկայում:

Ներկայումս հանրապետությունում սպառվող թարմ պաղեցված միսը ստացվում է ոչ սպանդանոցային պայմաններում՝ բակային մորթի միջոցով, որի արդյունքում խախտվում են մորթի եւ մորթից ստացված մսի տեղափոխման եւ իրացման սանիտարահիգիենիկ պահանջները, մորթի արդյունքում ստացված սպանդային մթերքը երկրորդային միկրոբային աղտոտվածության արդյունքում ոչ միայն որակազրկվում է, այլեւ դառնում է վտանգավոր, խախտվում են սպառողի իրավունքները եւ վտանգվում է սպառողի առողջությունը եւ սպառողը չգիտի ինչ ծագման, որակի եւ անվտանգության միս է սպառում:

Ուստի հուլիսի 1-ից տեղական արտադրության միս վաճառելու դեպքում՝ կլինի դա մսեղիք, կիսամսեղիք, թարմ, թե սառեցված, ոսկրոտ թե անոսկր, ծեծած, թե աղացած, կլինի պոչ, թե դմակ, ճարպ, լեզու, ամորձի, թե գլուխ՝ տնտեսվարողը պետք է ունենա համապատասխան փաթեթավորում, մակնշում, սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը: Եթե այս պահանջը չկատարեց՝ տուգանք է նախատեսվում 20 հազար դրամ, պետական պաշտոնյայի դեպքում՝ 100 հազար դրամ:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դժգոհեց՝ «սոցիալական այս վիճակում մի հատ նախազգուշացրեք, նոր տուգանք կիրառեք: Նախազգուշացումը ոչ թե բանավոր կարգով դրեք, սկզբում նախազգուշացրեք, տվեք որոշակի ժամանակահատված, նոր կիրառեք տուգանք: Եթե շարունակում է տուգանքից հետո շարունակել գործունեությունը, դադարեցրեք այն, ոչ թե տույժեր կիրառեք»:

Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ տեսահոլովակներով մարդկանց նախապես արդեն զգուշացնում են: Կյանքի եւ առողջության ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլեր են սրանք: Բագրատյանն արձագանքեց. «Բայց էնպես չլինի, որ ասեք՝ խալաթը երկար էր, գլխարկը կարճ էր, այսինչը կապույտ էր կանաչ էր ու տուգանք կիրառեք»: ՍԱՊԾ պետը պատասխանեց, որ նախապես տեղեկատվություն են տալու պահանջների մասին տնտեսվարողներին, նոր կիրառեն պատասխանատվության միջոցներ:

«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ ՍԱՊԾ-ն ուսումնասիրել էր եւ պարզել, որ Հայաստանի համար անհրաժեշտ է 30-70 սպանդանոց, բայց 15 սպանդանոց կա, ի՞նչ փուլում է սպանդանոցների կառուցման գործընթացը եւ ե՞րբ կավարտվեն: Կարապետյանը պատասխանեց, որ 16 սպանդանոց է գրանցված, գործունեություն իրականացնում են 7-8-ը: Ունենք սպանդանոցային կառույցներ, որոնք վերագործակվելու դեպքում կարող են ծառայություն իրականացնել:

Լենա Նազարյան ասաց, որ մինչեւ 2018-ի հուլիսը ժամանակ է տրված կառավարության որոշմամբ, հիմա դուք երաշխավորո՞ւմ եք, որ մինչեւ այդ սպանդանոցները պատրաստ կլինե՞ն, որ գյուղացիները կարողանան հանձնել սպանդանոցներին: Իշխան Կարապետյանը պատասխանեց. «Եթե մենք կիրառում ենք պարտադիր պահանջ, բնականաբար, բոլոր քայլերի իրականացման պարագայում պետք է ունենանք այդ ցանցը»:

Նախագծին հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930