Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ թե աստղադիտարան, այլ դամբարան. «Զորաց քարերում» պեղումների եզրակացությունը

Սեպտեմբեր 07,2017 15:38

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ 2017-ի օգոստոսին վերսկսվել էին պեղումները «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում: Հնագիտական աշխատանքի արդյունքն այսօր ամփոփեցին Ծառայության տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանն ու գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Նրանց տեղեկացմամբ, պեղվել է հուշարձանի տարածքում առկա բազմաթիվ դամբարաններից մեկը, որը բազմիցս «արժանացել» է գանձագողերի ուշադրությանը, սակայն տևական թալանից հետո էլ այստեղ հայտնաբերվել են հնագիտական ուշագրավ նյութեր՝ արժեքավոր տեղեկատվությամբ:

«Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խեցեգործական իրերի բեկորներ, տարբեր կենդանիների ոսկրեր, մետաղական նյութ՝ երկաթե տեգեր, նիզակներ, բրոնզե զարդեղեն, շատ հետաքրքիր ուլունքներ, նաև՝ մարդկային կմախքի մնացորդներ: Հայտնաբերված նյութը փաստում է, որ այստեղ իրականացվել են թաղման արարողություններ՝ առնվազն չորս տարբեր շրջափուլերում (մ.թ. ա. 15-րդ դարից մինչև մ.թ. ա. առաջին դար)»,-ասաց հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Գտածոների ամբողջ խումբն, ըստ նրա, թույլ է տալիս եզրակացնելու՝

«Մենք բացել ենք սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող անձնավորության դամբարան: Ամենայն հավանականությամբ, այստեղ նաև մարդկային ու կենդանական զոհաբերություն է կատարվել: Վաղ երկաթի դարաշրջանում Սյունիքի այս տարածաշրջանը մշակութային սերտ կապեր է ունեցել Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների, Պարսից ծոցի հետ: Դամբարանի տարածքն ավելի ուշ օգտագործվել է որպես թաքստոց: Ամփոփելով կարող ենք ասել, որ ունենք հուշարձան, որը շատ հետաքրքիր տեղեկատվություն է պարունակում շուրջ 2000-ամյա պատմական ժամանակաշրջանի մասին»:


«Զորաց քարերում» իրականացված պեղումների արդյունքում Փիլիպոսյանի կարևորագույն եզրահանգումն է.
«Ի դեմս «Զորաց քարերի» մենք գործ ունենք ոչ թե աստղադիտարանի հետ, ինչպես պնդում էր Պարիս Հերունին, այլ դամբարանի: Հերունին ասում էր, որ անցքերով քարերը կամ աստղագիտական գործիքներն այստեղ 7500 տարվա պատմություն ունեն, մինչդեռ տարածքում հայտնաբերված հնագույն նմուշի տարիքը չի գերազանցում 4000-ը»:

Ըստ Փիլիպոսյանի, հսկայական քարերի վրա բացված անցքերը ոչ թե աստղերին հետևելու, այլ դրանք պարաններով տեղափոխելու համար էին նախատեսված: Չնայած և չի բացառում, որ ինչ-որ ժամանակ մեր նախնիներն այդ անցքերից նաև աստղային երկնքով են հիացել: Անցքերի նշանակության մասին խոսելիս գիտնականը խորհուրդ տվեց.

«Այցելեք Ելփին գյուղ կամ Որոտնավանքի միջնադարյան գերեզմանոց: Երկուսում էլ կգտնեք հսկայական տապանաքարեր, որոնց ստորին հատվածում անցքեր կան: Հենց այդ անցքերի միջոցով էլ վարպետը քարերը տեղափոխել է գերեզմանոց» :

««Զորաց քարերում» հնագիտական աշխատանքները կշարունակվեն: Այն դամբարա՞ն է, թե աստղադիտարան, ցույց կտա ժամանակը, բայց հնագետների ու կոնկրետ մեզ համար կարևոր են հայտնաբերված փաստերը: Իսկ փաստը հետևյալն է՝ այն ինչ հայտնաբերվել է մինչ օրս, բնորոշ է դամբարանին»,-ասաց Կարեն Փահլևանյանը:

Փիլիպոսյանի բնորոշմամբ, պետք չէ տրվել առաջին աստղադիտարանով աշխարհին զարմացնելու գայթակղությանը: Ի վերջո, գոյություն ունեն գիտական փաստեր:

«Մենք սիրում ենք մեր պատմությունն ու ցանկանում ենք, որ այն հնարավորինս հին լինի, բայց մենք իրականում ունենք մեր շատ լավ տեղը համաշխարհային պատմության սանդղակում, որտեղից մեզ ոչ ոք չի կարող հեռացնել»,-ասաց Փիլիպոսյանը:

Ալիսա Գևորգյան

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930