Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահը ստանձնել է պաշտոնը Ազգային ժողովի հատուկ նիստում

Սեպտեմբեր 07,2017 14:19

Սեպտեմբերի 7-ին, համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված խորհրդարանի կողմից հուլիսի 19-ին ընտրված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնմանը:

Հատուկ նիստին ներկա է եղել 31 պատգամավոր: Նիստը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է՝ դահլիճ բերելով Արցախի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը:

Այնուհետև օրենքով սահմանված կարգով Նախագահ Բակո Սահակյանը երդում է տվել ժողովրդին. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է ԱԺ նախագահի շնորհավորանքը:

Նախագահին օրհնանքի և բարեմաղթանքի խոսք է հղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը․

«Դուք ղեկավարում և պիտի ղեկավարեք հերոսական ժողովրդի։ Օրհնյալ լինի Ձեր ընտրությունը, օրհնյալ լինի Ձեր առաջնորդությունը ամբողջ հայոց աշխարհի համար, հատկապես պատմական Արցախի համար։ Տա Աստված, որ Ձեր առաջնորդությամբ մենք ավելի ու ավելի հասնենք մեր ազգային իղձերի և երազների իրականացմանը։ Թող Աստծո աջը միշտ Ձեզ հետ լինի»։

Շնորհակալություն հայտնելով հատուկ նիստին մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է․

«Արցախը պատկանում է ոչ միայն արցախցիներին, այլ՝ համայն հայությանը: Անցած տարիների ընթացքում մենք իրականացրել և իրականացնում ենք առաքելություն՝ ուղղված հայ ժողովրդի պատիվը բարձր պահելուն։ Ապագայում նույնպես մենք ամեն ինչ անելու ենք հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար»։

Ամփոփելով նիստը՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երդմնակալության հանդիսավոր միջոցառմամբ երկրում քաղաքական նոր փուլի սկիզբ է դրվում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացումն է՝ առկա իրողությունների հաշվառմամբ:

«Խորապես համոզված եմ, որ նախագահ Բակո Սահակյանի փորձառությունը, ժողովրդավարական գործընթացները զարգացնելու վճռականությունը, երկրի տնտեսական, սոցիալական ու հանրային-քաղաքական կյանքում սկսած բարեփոխումները շարունակելու կամքը, անվտանգության ու պաշտպանական համակարգերի հանդեպ նրա ընդգծված ուշադրությունը, Զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման ուղղությամբ հետեւողական ջանքերը, զինծառայողների սոցիալական խնդիրների հանդեպ հոգատարությունը բավարար հիմքեր են՝ քաղաքական ուղեգիծն անշեղ պահելու եւ մեր ժողովրդին հուզող խնդիրներին համարժեք լուծումներ գտնելու դժվարին ու պատասխանատու գործում»,- կարևորել է Աշոտ Ղուլյանը:

Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և Կառավարության անդամները, Գերագույն դատարանի նախագահն ու վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների նախագահները, հանրապետական անկախ կառավարման մարմինների ու հանձնաժողովների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանային վարչակազմերի ղեկավարները, Արցախի քաղաքական կուսակցությունների պատասխանատուներ, ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ ու հանրային գործիչներ:

https://www.youtube.com/watch?v=Wf2yGHVcm04&feature=youtu.be

ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930