Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. իշխանական մարմինները ձգտում են փակվել հասարակությունից

Սեպտեմբեր 07,2017 13:40

«Ընդհանրապես, վերջին 3-4 տարիների ընթացքում, պետական կառավարման, իշխանական մարմինները ձգտում են փակվել հասարակությունից: Եվ փակվում են նաեւ այնպիսի միջոցներով, ինչպիսին սահմանափակելն է լրագրողների մասնակցությունը տարբեր միջոցառումներում, լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափելով, հարցազրույցներ տալով եւ տարբեր բանավեճերի մասնակցելով: Այդ միտումը բավական դանդաղ, բայց հետեւողականորեն զարգանում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք, երեկ, ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ այսուհետ թույլ չի տալու հանձնաժողովի աշխատանքներին ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությունը:

Սա, պարզվում է կամայականություն չէ, այլ օրենքով հանձնաժողովի նախագահին վերապահված իրավունք: 2016 թվականի դեկտեմբերին ընդունված նոր «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հանձնաժողովի նախագահին իրավունք է տալիս թույլ չտալ լրագրողներին ներկա լինել հանձնաժողովի նիստին։

Օրենքի 14֊-րդ հոդվածի 7-րդ կետում ասված է․ «Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում»։

5-րդ գումարման ԱԺ-֊ի պատգամավորներից միայն երկուսն էին դեմ քվեարկել նոր կանոնակարգին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը եւ Նիկոլ Փաշինյանը։

Նման երեւույթներն, ըստ մեր զրուցակցի, կապված են Հայաստանում տարբեր ժողովրդավարական ազատությունների, այդ թվում նաեւ խոսքի ազատության պահպանման, մակարդակի բարձրացման ուղղությամբ տարբեր միջազգային կազմակերպությունների ճնշման թուլացմամբ: «Դա հավանաբար պայմանավորված է նաեւ ընդհանուր տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումներով, երբ ժողովրդավարության ստանդարտները կասկածի տակ են դրվում, հետեւողականորեն չեն պաշտպանվում: Հայաստանի, ինչպես նաեւ մի քանի այլ երկրների իշխանություններն օգտվում են այդ իրավիճակից`հասկանալով, որ այդպիսի քայլերը չեն բերի միջազգային կառույցների հետ իրենց համագործակցության եւ տարբեր օժանդակություններ ստանալու հնարավորությունների թուլացման»,- ասաց Բորիս Նավասարդյանը` հավելելով, որ այս միտումը խորանում է նաեւ այն պատճառով, որ թե հասարակության, թե քաղաքական ընդդիմության կողմից բավարար հակազդեցություն չկա:

Ըստ նրա, քաղաքական ընդդիմությունը վերջին տարիներին առավելապես կենտրոնացել է PR ակցիաների վրա, որոնք հանրային կյանքի վրա անմիջական ազդեցություն չեն թողնում, բայց իրենց հնարավորություն են տալիս հարթակում մնալ եւ տպավորություն ստեղծել, թե աշխատում են:

«Գոնե այս իրավիճակում, ես կարծում եմ, որ մեր ընդդիմադիր պատգամավորները կարող են քայլեր անել: Ասենք, հանձնաժողովի փակ նիստից հետո հանդիպել լրագրողների հետ եւ մանրամասն պատմել տեղի ունեցածը`հնչած կարծիքները, կայացված որոշումները: Սա միգուցե կշահագրգռի իշխանություններին եւ կմղի ավելի պարզ լինելու`լրագրողներին հնարավորություն ընձեռելով բազմակողմանի պատկեր տեսնել-ներկայացնելու, ոչ թե միայն այն պատկերը, որը կարող է ներկայացնել ընդդիմությունը: Սա քայլերից մեկն է: Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտի մեր գործընկերներն այստեղ պետք է բավական վճռական լինեն»:

Իսկ լրագրողական կազմակերպությունները հետամուտ կլինե՞ն այս սահմանափակումը վերացնելու համար: Բորիս Նավասարդյանը կարծում է, որ հայտարարություններ, օրենքը փոխելու նախաձեռնություններ կլինեն, բայց դա կարող է բավարար չլինել: Նախադեպեր կան: «Եթե ուսումնասիրում ենք վերջին տարիների նման նախաձեռնությունները, ապա երբ չկար քաղաքական դաշտի բավարար աջակցությունը, լրագրողական կազմակերպություններն անընդհատ նույն դուռն էին ծեծում: Օրինակ, նույն թվայնացման գործընթացը, որն ամենացուցադրականն է, որովհետեւ այստեղ շատ լուրջ աշխատանք է կատարվել լրագրողական կազմակերպությունների կողմից: Բայց դա որեւէ արդյունք չտվեց, որովհետեւ չկար եւ չկա բավարար քաղաքական աջակցություն: Եթե այս հարցում եւս չլինի այդ քաղաքական աջակցությունը, իշխանությունները կարող են արհամարհել կամ խոստումներ տալ, որ փոփոխություններ լինելու են եւ չկատարել, ձգձգել դրանք տարիներով: Այդ մարտավարությանն էլ ենք ծանոթ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930