Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարավազի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 1 կգ-ի գինը նվազել է 50 դրամով

Սեպտեմբեր 07,2017 13:04

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից կատարված վերահսկողության արդյունքների համաձայն, վերջին մեկ –երկու ամսվա ընթացքում տեղի է ունեցել շաքարավազի գնի մոտ 10-12 տոկոսով նվազում: Եթե հունիսին 1 կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 400 դրամով, այսօր այն կազմում է 350 դրամ: Նվազումը խիստ կարևոր հանգամանք է նաև այն առումով, որ, սովորաբար, պահածոների պատրաստման ժամանակահատվածում հանրապետությունում մի քանի անգամ ավելանում են շաքարավազի սպառման ծավալները: Չնայած սպառման ծավալների կտրուկ աճին, դիտարկվել է էական գնանկում:

Տեղեկացնենք, որ դեռևս 2016 թվականի ապրիլ ամսից սկսած՝ շաքարավազի միջազգային գները սկսել էին շարունակական աճ գրանցել: Մասնավորապես, ըստ միջազգային հեղինակավոր ընկերությունների տվյալների, 2016 թվականի ապրիլ – հոկտեմբեր ամիսներին շաքարավազի միջազգային գների աճը կազմել է 44 տոկոս, ինչը էական բարձրացում է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում շաքարավազը արտադրվում է Բրազիլիայից ներմուծված շաքարավազի հումքից, ուստի միջազգային գների աճը կարող էր հանգեցնել նաև երկրի ներսում վաճառքի գների բարձրացմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2016 թվականից ամենամսյա կտրվածքով սկսել էր ուսումնասիրել շաքարավազի ձեռքբերման գների և վաճառքի գների փոփոխությունները, կատարել գնագոյացման հաշվարկներ` գերիշխող ապրանքային շուկան պահելով վերահսկողության տակ, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ: Արդյունքում, այն պարագայում, երբ միջազգային շուկաներում շաքարավազի հումքի գինը աճել է 44 տոկոսով, մեր երկրում աճը կազմել է 9 տոկոս: Ընդ որում շաքարավազի առավելագույն գինը կազմել է 390-400 դրամ՝ 1 կիլոգրամի հաշվով: Այսինքն, կարող ենք փաստել, որ, չնայած միջազգային շուկաներում գնային կտրուկ բարձրացումներին, մենք կարողացել են խուսափել գների ցնցումներից և մեր երկրում շաքարավազի գների փոփոխությունները կրել են ավելի սահուն ընթացք, ինչը չի հանգեցրել էական տատանումների:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ վերջին տարիներին այս ոլորտում Հանձնաժողովը արձանագրել է նաև դրական միտումներ՝ կապված մրցակցության խորացման և նոր տնտեսվարողների ի հայտ գալու հետ: Մասնավորապես, ԵԱՏՄ անդամակցությունից հետո այս ոլորտում սկսել էն գործունեություն իրականացնել մի շարք ընկերություններ, որոնք պատրաստի շաքարավազ են ներմուծում նաև Ռուսաստանի Դաշնությունից: Այսպես, եթե նախկինում ՌԴ-ից շաքարավազ ներմուծում էր մոտ 10 տնտեսվարող, ապա ներկայումս այդ ընկերությունների թիվը ավելացել է, կազմելով՝ 23: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տարածքից օրինակ 2017 թվականի առաջին կիսամյակին ներմուծվել է 11 հազ տոննա շաքարավազ, ինչը մոտ 10 անգամ ավել է նախորդ տարիների ցուցանիշներից: Այս հանգամանքը ևս իր ազդեցությունն է ունեցել մեր երկրում շաքարավազի գնի կտրուկ բարձրացումից խուսափելու առումով: Ընդ որում, ներմուծմամբ զբաղվում են ինչպես խոշոր առևտրային ցանցերը, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր, որոնք շաքարավազը իրացնում են տարբեր մարզերում:

Այսինքն, կարող ենք փաստել, որ այս ոլորտում ևս ուժեղացել է մրցակցությունը, առկա են նոր ընկերություններ, որոնք մուտք են գործել շուկա և սկսել են մրցակցել տեղական արտադրության հետ:

Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին և հետագայում ևս ուսումնասիրվելու են գնային փոփոխությունների համարժեքությունը: ՏՄՊՊՀ գնահատմամբ, անշուշտ, այս երևույթը դրական է անդրադառնում շուկայի վրա ընդհանուր առմամբ, իսկ առաջիկա կանխատեսումներով ակնկալում ենք, որ մրցակցությունն էլ ավելի կուժեղանա, ինչը կհանգեցնի շուկայի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը:

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930