Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա որ մենք ձեզ չենք կարում սանկցիա տանք, հետո՞». լեզվակռիվ՝ «Սասնա ծռերի» պաշտպանների եւ դատավորի միջեւ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2017 12:26

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով նիստն այսօր սկսվեց առանց ամբաստանյալների: Նախորդ նիստերում նրանք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով որոշակի ժամանակով հեռացված են նիստերի դահլիճից: Սրահում միայն մեղադրող-դատախազներն են եւ ամբաստանյալների պաշտպանները: Վերջիններս նախ դժգոհեցին, որ իրենց գործընկերներին՝ Մուշեղ Շուշանյանին եւ Դավիթ Գյուրջյանին դատարանի կարգադրիչները թույլ չեն տվել ներս մտնել:

Հարցի քննարկումն այսօր էլ առանց բղավոցների եւ լեզվակռվի չանցավ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը վրդովվեց, ասաց, որ արդեն երեք ամիս է՝ ասում է, որ կարգադրիչներն օրենքով են շարժվում եւ իրենց աշխատանքն են կատարում:

Պաշտպանները դժգոհեցին, որ մի օր մետաղորսիչ սարքն իրենց պայուսակում մետաղական իր է արձանագրում, մի օր՝ ոչ, ուստի դա կամայական մոտեցում է: «Տպավորություն է, որ մետաղորսիչ սարքերը կողմնակալ են»,-զարմացավ դատավորը:

Փաստաբաններից Գրիշա Բալասանյանը շարունակեց. «Ես միշտ իմ պայուսակով եմ եկել, մետաղորսիչ սարքն ազդանշան է տվել, բայց պայուսակ բացել չեն պահանջել: Ինչպե՞ս եղավ, որ Մուշեղ Շուշանյանին արգելում են մտնել: Տպավորություն է, որ սա հետապնդում է որոշ փաստաբանների հանդեպ»:

Այնուհետեւ դատավոր Արտուշ Գաբրիելյանն առաջադրեց դատախազների դեմ բացարկի միջնորդությունը քննարկել: Պաշտպաններն ասացին, որ այդ նպատակով պետք է կարծիք հայտնեն իրենց բացակա գործընկերներն ու ամբաստանյալները, ուստի անհրաժեշտ է նիստը հետաձգել, իմանալ ամբաստանյալների կարծիքը կամ նրանց բերել նիստերի դահլիճ:

«Քրեական դատավարության օրենսգիրքը ծալել-գցել եք ոտքի տակ, ես հրաժարվում եմ ձեր ապօրինի գործողություններին մասնակցել»,-բղավեց Լուսինե Սահակյանը, ապա դուրս եկավ նիստերի դահլիճից, երբ դատավորը հայտարարեց, որ նման միջնորդություն քննարկելու հարկ չկա: Լուսինե Սահակյանին հետեւեց փաստաբան Հրանտ Գեւորգյանը:

Դատավորն ընդմիջեց նիստը՝ առանց իր թույլտվության նիստերի դահլիճից դուրս եկած փաստաբանների հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:

«Հիմա որ մենք ձեզ չենք կարում սանկցիա տանք, հետո՞»,-բղավեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ինչից հետո դատավորը նրա հանդեպ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930