Երեկ հանրային հեռուստատեսության լրատվականը ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, թե ինչպես է Հայաստանում շաքարավազը էժանացել։
Ասվում էր, որ այս տարի պահածոյացումը ավելի մատչելի ու էժան է լինում շաքարավազի էժանացման շնորհիվ։ Ասվում էր նաեւ, որ շաքարավազը էժանացել է այն պատճառով, որ մրցակցություն կա շուկայում, ավելի քան 20 ներկրողներ շաքար են բերում եւ այլն, եւ այսպես շարունակ։
Ինչ վերաբերվում է ռեպորտաժում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցչի մեկնաբանությանը, թե շաքարի գինը նվազել է մրցակցության հետեւանքով, ապա նկատենք, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված մոտ 65 հազար տոննա շաքարից 53.5 հազարը ներկրել է շաքարի «արքան»՝ Սամվել Ալեքսանյանը։ Եվս 11.3 հազար տոննա ներկրվել է Ռուսաստանից, որի մեծագույն մասը ներկրել են Պեպսի կոլան, Կոկա կոլան եւ Գրանդ Քենդին իրենց արտադրության համար, եւ այդպես եղել է միշտ։
Ի դեպ, մեր շատ սիրելի ՏՄՊՊՀ-ն մինչեւ հիմա որեւէ կերպ չի մեկնաբանել, թե ինչու Ռուսաստանից, որտեղ շաքարի մանրածախ գինը վերջին շրջանում մինչեւ 20-25 տոկոս ավելի էժան է, քան մեզ մոտ, շաքարը այդքան քիչ է ներկրվում, եւ հիմնականում արտադրողների ներքին կարիքները հոգալու եւ ոչ թե մանրածախ շուկայում վաճառելու նպատակով։ Ախր արդեն երեք տարի է Հայաստանը այն «170 միլիոնանոց» շուկայի մի մասն է՝ նույն տնտեսական տարածքի բաղկացուցիչը, եւ ըստ տրամաբանության, մրցակցության առկայության դեպքում միեւնույն ապրանքի գինը չի կարող տարբերվել 20-25 տոկոսով։
Շաքարավազի ուշացած, խիստ ուշացած էժանացման մասին այսպիսի ռեպորտաժները պատրաստելը իրականում շատ վատ ենթատեքստ են պարունակում։ Դա նշանակում է, որ իրապես մրցակցային տնտեսության ձգտելու փոխարեն Հայաստանի իշխանությունը ընդամենը ապավինում է պրիմիտիվ քարոզչությանը՝ հին ու «բարի» ժամանակների ոճով։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում