ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի մի շարք համայնքներ:
Մարզպետ Հովիկ Աբովյանի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Լուսաձոր համայնքում գործող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնաբուծական ֆերմա: Տնօրեն Սուրեն Գևորգյանի խոսքով` հիմնադրամի ստեղծմամբ նպատակ են ունեցել սահմանամերձ մարզում աշխատատեղեր բացել, ինչպես նաև խթանել գյուղատնտեսությամբ զբաղվելը: Հիմնադրամն ունի 1500-2000 շահառու, որպես աջակցություն տրամադրում են եգիպտացորենի և ցորենի սերմացու, տնկիներ, գյուղտեխնիկա, իսկ ստացված բերքը գյուղացիներից հետ են գնում շուկայական արժեքով: Զբաղվում են նաև անասնապահությամբ, հիմնել են 7 կոոպերատիվ, որոնց տրամադրել են գյուղատնտեսական կենդանիներ և աջակցում են անասնակերի հարցում, ինչպես նաև խորհրդատվություն են տրամադրում` աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Հիմնադրամն ունի նաև կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ հնարավոր է օրական մշակել մոտ 10 հազար լիտր կաթ:
Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է սահմանամերձ Սարիգյուղ համայնք, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, մասնավորապես` վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման նախաձեռնությունները: Նախարարը տեղեկացրել է, որ առավել մատչելի կդառնան սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները, ընդ որում եթե հանրապետության մյուս համայնքների համար տոկոսադրույքը կդառնա տարեկան 5 %, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և կոոպերատիվների դեպքում վարկերն էլ ավելի մատչելի կլինեն` 3 %:
Սարիգյուղ համայնքում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում հիմնվել է արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվ: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանի խոսքով` այն հաջողված կոոպերատիվներից է. շարունակում է զարգանալ, համալրվել նոր անդամներով, ընդլայնել արտադրությունը, այստեղ արդեն նոր գյուղտեխնիկա են ձեռք բերել սեփական եկամուտների հաշվին: Այս պահին հիմնադրամը կոոպերատիվին աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում արտադրանքի իրացման կազմակերպման հարցում: Մարզում ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ ստեղծվել է 26 կոոպերատիվ, աշխատանքներ են իրականացվում 6 համայնքում, հեռագնա արոտներում կառուցվում են ջրարբիացման համակարգեր, խմոցներ, տրամադրվում է գյուղտեխնիկա: Գեղամ Գևորգյանի խոսքով` ավանդական գյուղատնտեսությունից կոլեկտիվ գործելակերպին անցնելը գյուղացիների համար թեև դեռևս դյուրին չէ, սակայն նման կոոպերատիվների արդյունավետ փորձն ու դրական արդյունքները շատերին են ոգևորում, ինչի վկայությունը ծրագրի երկրորդ փուլում ստացվող ավելի շատ հայտերն են:
Սարիգյուղում նախարարը նաև մասնակցել է մեղվաբույծների հետ կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Տավուշի մարզում մեղրի համար ընդհանուր չափորոշիչների սահմանման, մթերման և վերամշակման կետի ստեղծման հնարավորությունը, ինչի նպատակով Հայաստան պետք է ժամանեն մասնագետներ Ռուսաստանից: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ մեղվաբուծության ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը: Նա ընդգծել է, որ Տավուշի մարզում արտադրված մեղրն իր բարձր որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ ունի արտասահմանյան շուկայում, այդ թվում` Չինաստանում, սակայն մեղրի հավաքագրման կետի բացակայությունը խոչընդոտում է մեղվաբուծական արտադրանքի արտահանման կազմակերպմանը:
Նախարարի հաջորդ կանգառը Բերքաբեր համայնքում էր: Գյուղացիները նշում են, որ հողն այստեղ չափազանց բերրի է, անգամ կատակում են` քարն էլ է աճում, սակայն ոռոգման ջրի խնդիր ունեն, համակարգը մաշված է և վերանորոգման կարիք ունի:
Բերքաբերցի ֆերմեր Արա Խուդավերդյանի հողատարածքը սահմանին շատ մոտ է, սակայն դա նրան չի ընկճել: Այստեղ արքայանարնջի այգի է հիմնել և այժմ օրգանական չրի արտադրությամբ է զբաղվում: Այգին 2.5 հա է, ակնկալում է մոտ 20 տոննա բերք ստանալ: Իրացման խնդիր չունի, նախապես պայմանագիր է կնքել արտահանող ընկերություններից մեկի հետ: Այգում նաև կաթիլային ոռոգման համակարգ է ներդրել, ասում է` ջրի խնայողությունն ակնհայտ է, ոռոգումը համաչափ է կատարվում, մոլախոտերի զարգացումն է կանխվում, ջուրն էլ իր նպատակին է ծառայում:
Բերքաբերից նախարարն ուղևորվել է Այրում և Պտղավան համայնքներ, այցելել «Հայկական միրգ» ծրագրի շրջանակում հիմնված պտղատու ինտեսիվ այգիներ: «Հայկական միրգ» ԲԲԸ-ի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ ծրագիրն ավարտվել է 2016 թվականի հունիսին, սակայն ընկերության եկամուտների հաշվին շարունակվում են հիմնված 85 հա դեղձենու, նեկտարինի, կեռասենու, խնձորենու, սալորենու այգիների խնամքի աշխատանքները, այնուհետև դրանք անհատույց հանձնում են գյուղացիական տնտեսություններին: Այրում համայնքում 4.5 հեկտարի վրա հիմնվել է նեկտարինի և դեղձենու այգի, այն ծրագրի շրջանակում հիմնված առաջին այգին է, տնկանյութը ներկրվել է Իտալիայից, երկրորդ տարվանից ծառերը բերք են տվել: Պտղավանի ընկուզենու այգու տարածքը 3.8 հեկտար է, այստեղ աճեցվում են չանդլեր և ֆրանկետ տեսակի ընկուզենիներ, որոնք բերքատվության են անցնում յոթերորդ տարում:
Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ Տավուշի մարզում բնակիչներին մտահոգող խնդիրներից է ոռոգման ջրի բացակայությունը: Մարզպետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրի լուծման տարբերակներ գտնելու հարցում:
«Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների համար կառավարությունը գյուղոլորտի ծրագրերից օգտվելու արտոնություններ է սահմանել: Մասնավորապես գյուղատնտեսության զարգացման վարկերի տոկոսադրույքն այս համայնքների համար կկազմի 3 %: Մարզում առկա են բարենպաստ բնակլիմայական պայմաններ ինտենսիվ այգիների հիմնման համար:Համայնքապետերն ու գյուղացիները ոգևորված էին 2018 թվականին մեկնարկող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական աջակցության ծրագրերով և հավաստիացրել են, որ անպայման կդիմեն»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով մեղրի իրացման վերաբերյալ բարձրացված հարցին` նախարարը հավելել է, որ միջոցներ կձեռնարկվեն շահագրգիռ ներդրող գտնելու հարցում, որը հանձն կառնի մարզում մթերման կետ հիմնելու գործը:
Նախարարը դրական է գնահատել նաև անասնապահության ոլորտում «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի փորձը` ընդգծելով, որ այն նոր մշակույթ է բերում և որպես օրինակ կարելի է կիրառել և ընդլայնել` փոքր տնտեսությունների զարգացման նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին