Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի քաղաքապետի որդու մասին. «Ուրիշ բան, եթե ասեն՝ ուսման մեջ բավարար գիտելիքներ չի ցուցաբերել, բայց պարգեւատրել են». «Հրապարակ»

Սեպտեմբեր 07,2017 10:28

Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։ Քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, իսկ նրա անչափահաս որդուն, որը հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել փողոցում իր գործն անող 58-ամյա մարդուն ու սպանել, ոչ միայն չձերբակալեցին, այլեւ օրերս հյուրընկալել էին ՀՀ նախագահի նստավայրում եւ պարգեւատրել։ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին, այդ թվում՝ նաեւ Ռազմիկ Դանիելյանին, ոսկե մեդալ շնորհեց։ Այս թեմայի վերաբերյալ լսեցինք ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին։

– Տիկին Մուրադյան, ինչպե՞ս կգնահատեք Հրազդանի քաղաքապետի որդուն պարգեւատրելու փաստը, սա արդյոք չի՞ ընկալվի որպես քրեական գործը կոծկելու հրահանգ։

– Ես չեմ կարծում, որ կարելի է մեկը մյուսի հետ կապել, որովհետեւ, եթե նախագահը մեդալ տված լիներ բոլորովին այլ բանի համար, գուցե կարելի էր համեմատության եզրեր գտնել։ Բայց եթե մարդն իրոք ուսումնառության մեջ ցուցաբերել է գերազանց առաջադիմություն, ապա պարգեւատրումը հասցեական ուղղված է հենց այդ փաստն արձանագրելուն։ Սա չպետք է դառնա քննարկման առարկա։ Ուրիշ բան, եթե ասեն՝ ուսման մեջ բավարար գիտելիքներ չի ցուցաբերել, բայց պարգեւատրել են, իսկ այժմ մեկը մյուսի հետ, հաստատ, կապ չունի։

– Իսկ չե՞ք կարծում, որ այս առաջադեմ տղան հանցանք էր կատարել, ավելի մեղմ ձեւակերպեմ՝ ոչ պատշաճ վարք էր դրսեւորել, անչափահաս լինելով՝ ավտոմեքենա էր վարել, ինչը հանգեցրել է դժբախտության, ու մինչ գործի քննությունն է ընթանում, փոխանակ նրա ազատությունը սահմանափակեն կամ նրան հսկողության տակ պահեն, ինչպես բոլոր նման դեպքերում են վարվում, պարգեւատրում են։ Սրանով չի՞ խրախուսվում նման վարքը։

– Ոչ, դա չի նշանակում։ Մենք խոսում ենք տարբեր երեւույթների մասին, տարբեր գործողությունների մասին եւ տարբեր գնահատականների մասին։ Պետք չէ խառնել երկու իրարից շատ տարբեր երեւույթներ, որովհետեւ մենք լավ եզրահանգման չենք գա եւ կոտնահարենք այն լավ արժեքները, որն ուզում ենք պաշտպանած լինենք։ Այսօր պետք է կոնկրետ գործողությունների գնահատական տալ, ոչ թե ամեն ինչ ընդհանրական հարթությունում դիտարկել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930