Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական «ռումբ»` Ալիեւի ոտքերի տակ

Սեպտեմբեր 07,2017 12:00

Ադրբեջանի միակ անկախ լրատվական գործակալության ղեկավարը` ճաղերի ետեւում

Իսկական թոհուբոհ` այսպես կարելի է բնորոշել վերջին օրերին Ադրբեջանի վարկանիշի շուրջ բարձրացած աղմուկը: Ալիեւյան ռեժիմի վերաբերյալ հրապարակումների պակաս միջազգային հեղինակավոր պարբերականների էջերում չի զգացվում:

Նախ՝ օգոստոսի վերջին ալիեւյան ռեժիմի թիրախը դարձավ Turan լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը, որն օգոստոսի 24-ին երեք ամսով կալանավորվեց` «հարկերից խուսափելու կասկածանքով»: Մեղքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Turan-ի անձնակազմն անմիջապես հայտարարեց, որ լրատվամիջոցին ուղղված մեղադրանքները շինծու են՝ դրանք համարելով «Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ ընդհանուր արշավի մաս»։

1990 թվականից գործող Turan գործակալությունը Ադրբեջանի հատուկենտ անկախ լրատվամիջոցներից է, եզակիներից, որը շարունակում էր քննադատել իշխող վարչակազմին: Շուրջ երեք տասնամյակ Turan գործակալությունը տարբեր լեզուներով հայտնում էր Ադրբեջանի ներքին խնդիրների մասին: Հատկապես վերջին տարիներին Ադրբեջանում լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ աննախադեպ ճնշումների ներքո Turan-ը փաստացի այդ երկրի մասին այլընտրանքային տեղեկատվության միակ աղբյուրն էր:

Ինչպես հայտնի է, վերջին մի քանի տարիներին ադրբեջանցի իրավապաշտպաններ, լրագրողներ հայտնվեցին բանտում, ոմանք ուղղակի փախան երկրից: Նախկինում առաջատար լրատվական կայքերն Ադրբեջանում արգելափակված են, մի քանի տասնյակ լրագրողներ ճաղերի ետեւում են: «Ֆինանսական խնդիրների պատճառով» փակվեց հայտնի «Զերկալո» անկախ թերթը, բռնի միջոցների գործադրմամբ փակվեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակը: Վերջին ընդդիմադիր թերթը՝ «Ազադլիգն» իր գործունեությունը դադարեցրեց անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ թերթի ղեկավարությունն ու անձնակազմը ստիպված հեռացան երկրից, ֆինանսական տնօրենը, սակայն, բանտում է եւ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտող հայտարարություններով հանդես եկան` քննադատելով Ադրբեջանի իշխանություններին։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, ընդգծելով, որ Turan-ը Ադրբեջանում գործող միակ անկախ լրատվական գործակալությունն է, պաշտոնական Բաքվին կոչ էր արել «դադարեցնել լրատվամիջոցի աշխատակիցների դեմ հարձակումները»: Human Rights Watch-ն էլ Ալիեւի վարչակազմին կոչ է արել չմիջամտել գործակալության աշխատանքին:

«Իշխանությունները սաստկացնում են Turan-ի նկատմամբ ճնշումները, որովհետեւ չեն կարողացել ստիպել համագործակցել»,- նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Յոհան Բիրը: «Բաքու՝ 1937 թվականը 80 տարի անց» վերտառությամբ հոդվածում անդրադառնալով Turan-ի դեմ քրեական հետապնդումներին՝ ադրբեջանցի ռեժիսոր եւ հրապարակախոս Ալի Իսա Ջաբարովը գրել է. «Turan-ի լրագրողները պետության հանդեպ հավատը կորցրած մեր հայրենակիցների վերջին հույսն էին, դիմում էին Turan-ին, որպեսզի գրեն իրենց խնդիրների մասին, մտածելով՝ միգուցե վերեւներում կարդան եւ խղճան»:

ԱՄՆ Պետդեպը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Turan գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիեւին։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի հայտարարության մեջ ասվում էր. «Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանում միակ անկախ ԶԼՄ-ի՝ Turan լրատվական գործակալության հայտնի գլխավոր խմբագիր Մեհման Ալիեւին օգոստոսի 24-ին ձերբակալելու եւ երեք ամսով կալանավորելու որոշումից։ Turan-ի հանդեպ այլ սահմանափակող միջոցառումները՝ ներառյալ բանկային հաշիվների սառեցումն ու հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքները, նույնպես անհանգստություն են առաջացնում»,- նշել էր Նաուերթը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիեւին եւ բոլոր նրանց, ովքեր գտնվում են կալանքի տակ՝ իրենց տարրական ազատություններից օգտվելու համար»,- եզրափակել էր Նաուերթը՝ հիշեցնելով ԵԱՀԿ-ի առջեւ Բաքվի պարտավորությունների մասին։

Չնայած կոչերին՝ Ադրբեջանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Մեհման Ալիեւի կալանքի որոշումը:

Մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում 162-րդ հորիզոնականը զբաղեցնող Ադրբեջանում, ըստ իրավապաշտպանների, քաղբանտարկյալների թիվը վերջին տարիներին միայն ավելանում է: 2014թ. ստեղծված Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով աշխատանքային խմբի տվյալներով՝ այսօր այդ երկրում 160 քաղբանտարկյալ կա, որոնցից 158-ի դեպքում, դատական փաստաթղթերի համաձայն, կալանքը հիմնավորված է քաղաքական դրդապատճառներով: 158 քաղբանտարկյալների թվում, ըստ նույն աղբյուրի, տասնյակ լրագրողներ եւ ընդդիմադիր գործիչներ կան:

Ալիեւի «Ադրբեջանական լվացքատունը»

Վերջին օրերին Ադրբեջանը հայտնվել է հեղինակավոր պարբերականների ու կազմակերպությունների ուշադրության կիզակետում: Բրիտանական հեղինակավոր The Guardian-ում մի ծավալուն հոդված է հրապարակվել, որը, ըստ էության, քրեական մեղադրանքների հիմք կարող է հանդիսանալ` ընդդեմ ալիեւյան ռեժիմի:

Պարբերականը մանրամասներ է հրապարակել լրատվամիջոցների կողմից «Ադրբեջանական լվացքատուն» կնքված աղմկահարույց գործի վերաբերյալ, ըստ որի՝ Ադրբեջանի վերնախավը տեւական ժամանակ ապօրինի ֆինանսական սխեմայի միջոցով ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլեւ իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ է փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, եվրոպացի քաղաքական գործիչներին:

Այսպես, 2012-2014թթ. ընթացքում փոխանցվել է 2.9 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ ամեն օր Ադրբեջանից միջինը 3 մլն դոլար է փոխանցվել: Ընդհանուր առմամբ արվել է ավելի քան 16.000 փոխանցում՝ տարբեր արժույթներով: Կանխիկ գումարը փոխանցվել է բրիտանական 4 օֆշորային ընկերությունների (Hilux Services, Polux Management, Metastar Invest, LCM Alliance) միջոցով, որոնց սեփականատերերի մասին որեւէ տեղեկություն չկա: Այնուհետեւ գումարը ծախսվել է տարբեր երկրներում:

Պարզվում է՝ Դանիայի խոշորագույն բանկը` «Danske»-ն, վճարումներն իրականացրել է Էստոնիայում գտնվող փոքր մասնաճյուղի միջոցով, ինչը կասկածի տեղիք չի տվել: Բացի այդ, սխեմայի կազմակերպիչներն օգտվել են Մեծ Բրիտանիայում ընկերությունների գործունեության վերահսկման համակարգի թույլ կողմերից: Ավելի ուշ «Danske»-ն խոստովանել է, որ իր մասնաճյուղի միջոցով արվող կասկածելի փոխանցումների մասին իմացել է միայն 2014թ. ու անմիջապես տեղեկացրել իշխանություններին՝ հետագա քայլերը թողնելով նրանց:

Ադրբեջանի իշխող էլիտայի «սեւ դրամարկղը»` եվրոպացիների համար

«Ադրբեջանական լվացքատնից» գումար ստացողների շարքում են հայտնի եվրոպացի գործիչներ: Նրանցից մեկը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեն է, որը 2013թ. դեմ է քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող զեկույցին: Ըստ տեղեկությունների՝ Վոլոնտեն Ալիեւի վարչակազմին դատապարտող փաստաթղթին դեմ քվեարկելու համար ստացել է 2 մլն դոլար: Բացի այդ, պաշտոնյայի անունը շոշափվում է, այսպես կոչված, «խավիարային դիվանագիտության» սկանդալում, որը եւս կապված է Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպացի դիվանագետներին կաշառելու հետ:

Կաշառք ստացողների թվում է գերմանացի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, որի հաշվին ադրբեջանական կողմը 819.500 եվրո է փոխանցել: Հայտնի է, որ երկրում կայացած վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Լինթները որպես դիտորդ Ադրբեջան է այցելել ու հետո արձանագրել, որ ընտրական գործընթացն իրականացվել է «գերմանական չափանիշների» համաձայն: Դրա դիմաց նա Բաքվից ստացել է 61.000 եվրո:

Համաձայն հետաքննության` 2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի քաղաքական գործիչ Իրինա Բոկովան անցկացրել է «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» ֆոտոցուցահանդեսը, ու դրանից 3 օր անց նրա ամուսինը՝ Կալին Միտրեւը, ստացել է 20 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ 2 տարում նրան հատկացվել է 425 հազար եվրո։

Հայտնի է, որ «Ադրբեջանական լվացքատան» մասին տեղեկությունների արտահոսքն իրականացրել է դանիական Berlingske պարբերականը, որը բոլոր մանրամասներով կիսվել է Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննությամբ զբաղվող կենտրոնի, The Guardian պարբերականի եւ այլ մեդիա գործընկերների հետ:

Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 06.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930