Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շներին զբոսնելու տարածք են տվել

Սեպտեմբեր 07,2017 14:30

Վերջին շրջանում Երեւանի այգիներում հաճախ կարելի է տեսնել շների զբոսանքն արգելող ցուցանակներ, ինչը հարուցում է շուն պահող քաղաքացիների զայրույթը: Մի առիթով Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունն անգամ նամակով դիմել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով ամեն վարչական շրջանում որեւէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար: Կազմակերպության անդամները, վկայակոչելով Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու կանոնները, որոնք սահմանում են, որ կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում, քաղաքապետին խնդրել էին մատնանշել, թե որո՞նք են «այդ նպատակով հատուկ հատկացված տարածքները»:

Երեկ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ներկայացնելու մայրաքաղաքի զբոսայգիներում եւ պուրակներում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները: Փոխքաղաքապետը նշել է, որ առանձնացված տարածքների առաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով շներին զբոսանքի դուրս բերելու հետ կապված մայրաքաղաքի բնակչության դժգոհությունը:

Դավիթ Օհանյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

«Առավոտի» հետ զրույցում Նարե Արամյանն ասաց, որ ամեն վարչական շրջանի ղեկավար առաջարկեց իր տարածքը, եւ առաջիկայում պետք է քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր կատարեն, որպեսզի հասկանան` որքանով են դրանք նպատակահարմար:

«Մենք ուրախ ենք, որ քաղաքապետի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարները առանձնացրել են որեւէ կանաչ տարածք, որեւէ այգուն հարակից, որպեսզի շնասերները կարողանան իրենց շների հետ այնտեղ զբոսնել: Սա միայն առաջին քայլն է քաղաքը ընտանի կենդանիներ պահող քաղաքացիների համար հարմարավետ դարձնելու, բայց ամենաառաջնայինն ու անհրաժեշտը»,- ասաց Նարե Արամյանը: Ըստ նրա՝ այդ տարածքները կահավորելու, ցանկապատելու անհրաժեշտություն դեռ չեն տեսնում` չնայած կցանկանային շների համար ունենալ այնպիսի պարտեզներ, ինչպիսիք Լոնդոնում են:

«Կարեւոր է, որ այդ տարածքները լինեն մայրաքաղաքային կանոններին համապատասխան, որպեսզի լինեն առանձնացված, երեխաներն իրենց խաղահրապարակն ունենան, շնիկներն` իրենց: Առաջնային խնդիրը մեզ համար տարածք ունենալն է` յուրաքանչյուր վարչական շրջանում, եւ ամենապարտադիր կանոնը եւ ամենաառաջին կահավորանքը, որպեսզի լինեն ցուցանակներ` որ շունը կարող է զբոսնել, եւ լինեն աղբարկղեր, որպեսզի կենդանիների տերերը կարողանան շների հետեւից հավաքել, աղբարկղից օգտվել, այսինքն` ապահովեն անվտանգությունն ու մաքրությունը»,- նկատեց Նարե Արամյանը: Ըստ նրա՝ տարածքները կլինեն անվճար: Նրա խոսքով՝ փոխքաղաքապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաեւ ընտանի կենդանիների համար գանձվող 5-հազարական դրամների հարցը. «Այդ աշխատանքները շատ թույլ են տարվում, յուրաքանչյուր ընտանի կենդանի նախ` պետք է գրանցվի եւ այդ հինգ հազար դրամը օրենքով վճարի, շատ կարեւոր է ունենալ կենդանիների բազա, որպեսզի իմանալ՝ որքան ընտանի կենդանի կա Երեւանում, եւ այդ դեպքում դրանց դիմաց գանձվող գումարներն էլ կուղղվեն հանրօգուտ աշխատանքի»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

06.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930