Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալներից մեկը համացանցով ուսումնասիրել էր մետաղադրամներ պատրաստելու եղանակը

Սեպտեմբեր 07,2017 14:00

«Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործերի կառավարիչ Տիգրան Ղանդիլյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնել էր, որ թույլատրել է իրենց պահակին՝ Տիգրան Ավետյանին, մյուս աշխատակիցներին, օգտվել համակարգչից, որպեսզի գիշերային ժամերին որեւէ զբաղմունք ունենան: Հիշում է 2015թ. ապրիլին գրասենյակ եկած ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, որոնք խնդրել էին աշխատակիցներին հրավիրել եւ ինքը մերժել էր, քանի որ նրանց աշխատավայր կանչելու իրավունք ունի միայն տնօրենը: Երբ բոլորը ներկայացել են, այդ թվում պահակը, իրենց բերման են ենթարկել ոստիկանություն, հիմնարկի գրասենյակում կատարված խուզարկության արդյունքում առգրավվել են իր համակարգիչը եւ գունավոր տպիչ սարքը:

2017 թվականի հունիսի 16-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ.Գրիգորյանը հրապարակեց Տիգրան Եգանյանի, Տիգրան Ավետյանի եւ Նվեր Դանիելյանի քրեական գործով դատավճիռը: Դատարանը վճռել է Տիգրան Եգանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 13 տարի ժամկետով, Տիգրան Ավետյանը դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով: Երկուսի համար դատարանը վճռել է գույքի բռնագրավում, սակայն ոչ ավել, քան հանցագործությամբ հասցված վնասի չափը, որը պետք է կրեն ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկում: Իսկ Նվեր Դանիելյանը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Նշենք, որ երեքն էլ կալանավորված են:

Նախաքննական մարմնի 2015թ. ապրիլի 20-ի որոշմամբ երկու Տիգրաններին պատկանող շարժական եւ անշարժ գույքի վրա դրված արգելանքները թողնվել է անփոփոխ: Տիգրան Ավետյանի մայրը՝ Ռուզաննա Հակոբյանը, երեկ «Առավոտի» հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ վերաքննիչ բողոք են բերել: Վերաքննիչ բողոք էր բերել նաեւ թեթեւ պատժաչափ ստացած Նվեր Դանիելյանը:

Տիգրան Ավետյանն աշխատել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում, որպես ավիակարգավար: Նա համատեղ աշխատել է «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամում», որպես պահակ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության, նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող կեղծ փողեր՝ մետաղադրամներ եւ թղթադրամներ պատրաստելու, պահելու եւ իրացնելու համար, ինչպես նաեւ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի կեղծ փողեր՝ ՀՀ–ում շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ պատրաստելու եւ պահելու համար: Գործի նյութերի համաձայն. «2013թ. գարնանը ամբաստանյալ Տիգրան Եգանյանը համացանցով ուսումնասիրել է մետաղադրամներ պատրաստելու եղանակը եւ նպատակադրվել է նման եղանակով պատրաստել կեղծ մետաղադրամներ եւ թղթադրամներ: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ամբաստանյալ Տ. Եգանյանը Երեւանի Գնունու փողոցում գործող տոնավաճառից ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ, ապա գիտակցելով իր կողմից պատրաստվող մետաղադրամների կեղծ լինելու հանգամանքը, դրանք իրացնելու նպատակով, 2013-2014թթ. ընթացքում Երեւանում իր կողմից վարձակալած տարբեր բնակարաններում պատրաստել է 200 եւ 500 ՀՀ դրամ անվանական արժեքով մանրադրամներ, որոնք պահելով իր մոտ, գնումներ կատարելու եղանակով իրացրել է ՀՀ Վանաձոր, Ստեփանավան եւ Երեւան քաղաքների տարբեր խանութներում, ինչպես նաեւ դրանցով վճարել է երթուղային տաքսիների ուղեւորավարձերը»: Մեղադրական եզրակացության համաձայն, 2015թ. մարտին նա «Ռոսիա» տոնավաճառի մոտ պատահական հանդիպել է իր նախկին համածառայակցին՝ Տիգրան Ավետյանին: Տեղեկացել է, որ վերջինիս գրասենյակում կան համակարգիչներ, գունավոր տպիչ սարք եւ «հնարավորություն ունի պատրաստելու ՀՀ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների նմանօրինակներ, այն է՝ կեղծ թղթադրամներ»: Պայմանավորվել են, հետագայում տպել ու իրացրել են ստվարաթղթի վրա 10.000 եւ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամի պատկերներ: Մեղադրանքի կողմի փաստարկը հետեւյալն է՝ իրացրել են թվով 297 հատ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով «Լ02091522» սերիա-համարի կեղծ թղթադրամներ, որոնցից 30 հատ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներն իրացրել է քննությամբ չպարզված խանութներում եւ երթուղային տաքսիներում: Նշված 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներից 30 հատը տվել է իր ծանոթ, ամբաստանյալ Նվեր Դանիելյանին, ով դրանց մի մասն իրացրել է Երեւանի եւ Ստեփանավանի գործող, «քննությամբ չպարզված տարբեր խանութներում»՝ ծխախոտ եւ այլ գնումներ կատարելու ժամանակ:

Նախկինում գողության համար դատապարտված, մասնավոր շինաշխատանքներով զբաղվող ամբաստանյալ Տ. Եգանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ամբաստանյալ Տ.Ավետյանի մայրը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ, հրապարակվել է վկայի նախաքննական ցուցմունքը: Մայրն ասել է, որ որդին անմեղ է, ինքը երբեւէ նրա մոտ կեղծ թղթադրամներ չի տեսել, որդին ուներ լավ վարձատրվող աշխատանք եւ խնդիր չուներ նման եղանակով հարստանալու:

«Որդուս մեղադրանքի հիմքում դրված է մեկ հոգու օրենքի կոպիտ խախտմամբ ձեռք բերված ցուցմունքները, առերես հարցաքննությունը, հեռախոսային խոսակցությունները, որոնք ավելի քան ենթադրություններ են, բայց ոչ ապացույցներ, ինչպես նաեւ աշխատավայրի տպիչն ու համակարգիչը»,- ասում է Ռ.Հակոբյանը:

Ըստ նրանց շահերի պաշտպան, փաստաբան Յուրիկ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի, մեղադրական դատավճիռն անհիմն է, անօրինական եւ չպատճառաբանված:

Նա պահանջում է բեկանել դատավճիռը Տ. Ավետյանի մասով, քրեական գործի վարույթը կարճել, քանի որ նրա արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական չի տրվել. «Նախ, գործով ապացուցված է, որ Տ. Ավետյանը ամբաստանյալ Տ. Եգանյանի կողմից 200 եւ 500 դրամ անվանական արժեքով կեղծ մետաղադրամ պատրաստելու եւ իրացնելու հարցում որեւէ առնչություն, տեղեկություն կամ մասնակցություն չի ունեցել»: Ըստ պաշտպանի՝ չկա գոնե մեկ ապացույց, որով կհաստատվեր Տիգրան Ավետյանի կողմից թեկուզ մեկ կեղծ թղթադրամ պատրաստելը:

«Սույն գործով չկա ձեռք բերված մեկ ապացույց, որը կհաստատեր դրամանիշի համարը կամ ռեկվիզիտը փոխելու փաստն այն ձեւով, որ կեղծված փողերն ակնհայտորեն չտարբերվեին իսկականից եւ նրանց վրա կատարված աշխատանքը պետք է լիներ վարպետորեն: 1000 եւ 10 000 դրամների պատկերները կատարվել են Ա 4 ֆորմատի թղթերի վրա, լազերային գունավոր պարզ տպագրական եղանակով, այսինքն՝ կատարվել է կոպիտ կեղծում եւ տպագրված փողերի պատկերներն ակնհայտորեն տարբերվում են իսկականից, նրանց վրա չկա կատարված աշխատանք, ինչն էլ բացառել է դրանց իրացումն առանց հատուկ հնարքների»,- նշել էր բողոքաբերը::

Կեղծ փող պատրաստելու փորձի մեջ մեղադրված Տ. Ավետյանի պաշտպանն այս կապակցությամբ էլ բողոքել է, նշելով. «Առանց այդ ապացույցի, ինչպես քրեական հետապնդում իրականացնող մարմինը, այնպես էլ դատարանը, ինչ հիմնավորում են ունեցել ապացուցված համարելու իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը: Քրեական գործում չկա կեղծված թղթադրամ, որը կհետազոտվեր դատարանում»: Ըստ նրա՝ ինչպես կարող են «առանձնապես խոշոր չափի թղթադրամներ պատրաստվել, երբ նախաքննական մարմինն այս կապակցությամբ հայտնում է, թե այն անկախ նրանց կամքից՝ ավարտին չի հասցվել»:

13 էջանոց բողոքում պաշտպանը միջնորդում է դատակոչել կամ բերման ենթարկել վկա Հովհաննես Նազարյանին, որը հարցաքննվել է միայն նախաքննության ժամանակ: Նա էր հայտնել, թե Տիգրան Եգանյանին ֆլեշկա է տվել, դրդել է տպագրել: Ի դեպ, այս միջնորդությունն առաջին ատյանի դատարանը մերժել էր, պատճառաբանելով, թե վերջինս հետախուզման մեջ է.

«Արդյոք դատարանն իրավունք ունի՞ հաշվի չառնել Հ. Նազարյանի մասնակցությունը գործին, հաշվի չառնել հեռախոսային խոսակցությունները, որտեղ նա դրդում է Եգանյանին տպել ինչ-որ բաներ Ավետյանի մոտից»: Նկատենք, որ այս տարօրինակ վկայի բնակարանից էլ են հայտնաբերել թղթադրամներ, գործիքներ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացրել:

«Եթե Նազարյանն օգնել է ոստիկանությանը հանցագործությունը բացահայտելու, ապա ինչու այդ մասին չի ասվում: Եթե նա է օգնողը, ապա ինչու է դրդել Եգանյանին հանցագործություն կատարել, մի՞թե դա օրինաչափ է»,- հարցնում է Ռուզաննա Հակոբյանը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

06.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930