Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրքի բնագավառը տեր ունի»

Սեպտեմբեր 07,2017 13:30

Ըստ «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, գրքի կայացած շուկա ունենալու համար պետական միջամտությունը պետք է բացառել:

ՀՀ մշակույթի նախարարության կայքում տեղադրված հայտարարությունը 2018թ. պետական պատվերով եւ աջակցությամբ գրականություն հրատարակելու վերաբերյալ, ինչի նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ, գրողների եւ հրատարակիչների շրջանում էլ ավելի է «սրել» շուրջ մեկ տարի առաջ նախարար Արմեն Ամիրյանի եւ նրա տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի որդեգրած քաղաքականությունը, այն է՝ պետպատվերն ու պետական աջակցությունը չպետք է խանգարեն գրքի շուկային: Դեռ վաղուց ձեւավորվել է 2 տեսակետ՝ գրողների եւ հրատարակիչների: Գրողների միությունը կողմնակից է շուրջ 20 տարի առաջ պետական միջոցներով գրքեր հրատարակելու որոշմանը, հրատարակիչներն էլ ասում են, որ պետք է ձեւավորվի գրքի շուկան առանց պետական միջամտության, այնպես, ինչպես, օրինակ, դա իրականացնում է Ռուսաստանը, Վրաստանը, Գերմանիան, Ուկրաինան եւ այլ երկրներ:

«Առավոտի» հետ զրույցում «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե ուզում ենք ունենալ գրքի կայացած շուկա, պետական միջամտությունը պետք է բացառել:

«Պետկերացնո՞ւմ եք, եթե, ասենք, հայաստանյան հրուշակեղեն արտադրող ընկերություններին պետությունը ֆինանսավորեր շոկոլադե վաֆլու կամ գլազուրով մարմելադի արտադրությունը: Դա կբերի նրան, որ սկսած «Գրանդ քենդիից»՝ ավարտած «Դարոինկով», նրանք պարզապես կըմբոստանային ու թույլ չէին տա»,- նման համեմատություն անցկացրեց պարոն Մարտիրոսյանը, ապա ավելացրեց. «Այն, ինչը առաջարկում են Արմեն Ամիրյանն ու փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, իհարկե, մեծ առաջընթաց է նախկինում տիրող խայտառակության համեմատ, երբ 15 հրատարակչություն մեր երկրում սնվելով միայն պետբյուջեից, հրատարակել էր 2 մլրդ-ից ավելի գիրք, որոնց մի մասը միանշանակ խոտան է եւ փտում է «Գիրք» հիմնադրամի պահեստներում: Մյուս կողմից էլ, քանի դեռ պետությունը աճեցնում է «մամայի բալա» հրատարակչություններ, վերջիններս այդ կարգավիճակով էլ մնալու են պետության վզին նստած»:


Մեր զրուցակիցը նշում է, որ ընդհանրապես շուկաներն առանց ռիսկ չեն լինում, ինչն անհրաժեշտ է նաեւ գրքի շուկայի ձեւավորման գործում: Հետաքրքրությանը՝ իսկ ո՞րն է այդ ռիսկը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ձեռնարկատերը պետք է ներդնի իր կամ իր բաժնետերերի սեփական գումարները: Հայաստանում եթե որեւէ ոլորտ կայացել է, ուրեմն դա արդյունք է ռիսկի ու կրկնում եմ՝ սեփական միջոցների ներդրման»: Հարցին, թե ո՞րն է իր կարծիքով այդ հարցի լուծման ճանապարհը, ստացանք հետեւյալ պատասխանը. «Առնվազն 20 տարի մեր պետության կողմից ֆինանսավորվել է գրքի շուկայի առաջարկը եւ չի ֆինանսավորվել շուկայի պահանջարկը… Գրողին, հրատարակչին, պետությանն ու հանրությանը ընդամենը մեկ բան է անհրաժեշտ՝ ԸՆԹԵՐՑՈՂ»:

Ռեպլիկին՝ պետության դերը ո՞րն է, ինքն «աճեցնի» ընթերցող, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Երկու բան է անհրաժեշտ՝ պետք է բարձրացնել ընթերցանության մակարդակը եւ գիրքը դարձնել մատչելի՝ համալրելով գրադարանները»:

Դիտարկմանը՝ ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ պետությունն այս հարցում «ձեռքերը լվացել է», մեր զրուցակիցն ասաց. «Այո, պետպատվերի 150 միլիոնից առնվազն 140-ը խանգարող միջամտություն է շուկային: Էլ չասեմ ամբողջ ՀՀ բյուջեից 99,99%-ը…»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հրատարակիչների եւ գրավաճառների նոր՝ «Հայգիրք» ասոցիացիային: Արմեն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ այն մեկ-երկու շաբաթից ցույց կտա հանրությանը, որ գրքի բնագավառը տեր ունի: Իսկ տերերը, ըստ մեր զրուցակցի, վերը շարադրված հարցերով մտահոգված մարդիկ են, մարդիկ, ովքեր գարանտ են լինելու, որ եւ պետական, եւ հանրային միջոցները ծառայեն ՀՀ քաղաքացու մտավոր զարգացմանը:

Անդրադառնալով պետպատվերին, գրողների եւ իրենց՝ հրատարակիչների կարծիքների միջեւ եղած, մեր որակմամբ՝ պայքարին, պարոն Մարտիրոսյանը համակարծիք լինելով որակմանը, հայտնեց, որ դա պայքար է հնի ու նորի միջեւ:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

06.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930