Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տոնավաճառ հրապարակում

Սեպտեմբեր 07,2017 12:30

Тут все генералы и профессора

Այսօր Երեւանը հեղեղված է երաժշտությամբ եւ նա աստիճանաբար սուզվել է դրա մեջ, հասնելով տիղմին: Սա մեծագույն վտանգ է: Արվեստի համար չկա ավելի մեծ դժբախտություն, քան նրա չափից ավելի առատությունը, ընդ որում՝ շատ հաճախ ոչ ամենաբարձր որակի: Սա խորտակում, փչացնում է ամեն ինչ՝ երաժիշտներին, հասարակությանը, ճաշակի ըմբռնմանը, իրականը կեղծից տարբերելու ընդունակությանը: Երաժիշտների կյանքն անցնում է մի աշխատավայրից մյուս աշխատավայրը վազելով: Այսօր երաժիշտը ժամանակ չունի մտածելու, ճանապարհորդելու դեպի իր ներաշխարհը, բացահայտելու ինքն իրեն, խորհելու, առանձնանալու՝ լսելու համար իր հոգու ձայնը: Չափազանց շատ են կասկածելի որակի եւ կասկածելի կատարմամբ համերգները, որոնք ավելի շատ «միջոցառումներ» են, քան դասական արժեքներ: Համերգները, ինչպես նաեւ գեղարվեստական ցուցահանդեսները, թատերական, օպերային ներկայացումները միայն բավականություն չեն, նաեւ ճանաչում են, ուսուցում, բարոյական դաստիարակություն: Անհատականության բացակայությունը բացասաբար է անդրադառնում արվեստի վրա: Մենք չենք կարողանում զարգացնել երեխայի, պատանու մեջ անհատականություն: Ինքնաքննադատության բացակայությունն էլ այնպիսի տպավորություն է ստեղծում, թե ամբողջ Հայաստանը ողողված է տաղանդներով, նույնիսկ հանճարներով: Тут все генералы и профессора: Այսօր մենք կարիք ունենք բարձրորակ մտավորականների, լավ մասնագետների, լավ քաղաքացիների: Ես ափսոսում եմ, որ 21-րդ դարի մարդկանց մեջ չեն շարունակվում 19-րդ դարից եկող, ճիշտ է, փոփոխություն կրած, բայց, այնուամենայնիվ, բարոյականություն կրող գեղագիտական եւ հումանիստական պատկերացումները, որոնք մեծ չափով դեռ շարունակում էին ապրել 20-րդ դարի մարդկանց մեջ: Եվ փոխանակ երաժշտարվեստի կարեւորագույն հարցերով հիմնավորապես զբաղվելու, մենք սկսում ենք իրար մեջ խոսել, դժգոհել… ու ոչինչ չանել: Ամբողջ եռանդը ծախսվում է այդ փուչ զրույց-դժգոհությունների վրա եւ տակը մնում է…, նույն անշարժ վիճակը: Մենք՝ երաժիշտներս, չենք կարողանում կազմակերպել մեր ասպարեզում հասարակական գիտակցություն եւ ուղղել ու ղեկավարել այն դեպի իրերի ճշմարիտ ու արդար դասավորվածություն, առանց շտապելու, բայց արագ, ոչ ագրեսիվ, բայց խիզախ, հաստատակամ ու վճռական:

Ինչ-որ այսօր ունենք, թափթփված է: Չկա կարգավորվածություն, ներքին օրգանական կապ, ի մի բերող մթնոլորտ, որտեղ օրգանիզմի բոլոր ճյուղերի համար կա կենսամթնոլորտ: Ներդաշնակ կյանք: Ես ունեմ դժգոհություններ, որոնք վերաբերում են մեր երաժշտական աշխարհի դրվածքին: Մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ, որոնք ավելի ծանր հետեւանքներ կարող են ունենալ հայ մտքի, հայ արվեստի համար հեռանկարային առումով, եթե գոյություն ունեցող խտրականությանը վերջ չդրվի: Մենք ոչ մի լավ բանի չենք հասնի, եթե չհասկանանք իրերի փոխկապակցվածությունը: Ընդհանրապես, եթե մենք ուզում ենք ունենալ առողջ եւ օգտակար հասարակություն եւ նրա հոգեւոր աշխարհը կերտող Արվեստ, որի մաս է կազմում երաժշտությունը, մեզ համար չպետք է կարեւոր լինի, թե այս կամ այն մասնագետը «յուրային» է կամ՝ ոչ: Գլխավորն է, որ ինքը լինի իր ասպարեզի խոշոր մասնագետ եւ ունենա մյուս մասնագետների հետ համագործակցելու ընդունակություն ու կամք: Խելացնորություն է երաժշտական օջախի ղեկը հանձնել մեկին, որը զարհուրում է համագործակցելու մտքից, մանավանդ իրենից առավելի հետ: Այս ղեկավարները դառնում են պատուհաս, երբ չգիտես ինչի հիման վրա են հովանավորվում վերեւներից: Հետեւելով սրանց վարքագծին, կատարած աշխատանքին, իսկույն ակնառու է դառնում ինտելեկտի բացակայությունը, մտավոր եւ հոգեւոր աշխարհների դատարկությունը, գիտելիքների զարհուրելի պակասը: Փոխարենը՝ անվայելուչ բառապաշար կարգին մարդկանց հասցեին, նարցիսիզմ, ամբարտավան կեցվածք եւ պաթոլոգիկ ստախոսություն: Եվ դեռ ունեն նույնիսկ հովանավորներ: Տարօրինակ է, բայց՝ փաստ: Ժամանակն է, որ հասկանանք ի վերջո, որ պետք է տեղ տալ նրանց, ովքեր ի վիճակի են բարձրացնել Արվեստի վեկտորը, սահմանել ավելի բարձր չափորոշիչներ, նրանց, ովքեր կարող են բացել նոր ուղիներ, հետաքրքիր դարձնել մշակութային Կյանքը, որոնք եսակենտրոն չեն, ունեն մեկ սկզբունք՝ թույլ չտալ Արվեստի սրբազան տաճարի կործանումը, մաքրել Տաճարը արվեստի վաճառականներից, ինչպես Քրիստոսը մաքրեց Սրբազան Քաղաքի Սուրբ Տաճարը:

 

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

 

«Առավոտ»

06.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. «Тут все генералы и профессора»….. Իսկ հոդվածը հրաշալի էր:Կեցցես Զավեն ջան:

  2. Lala Mneyan says:

    Երկու ձեռքով կողմ եմ արտահայտած կարծիքին, ճիշտ բարձացրած հարց է։ Եւ ոչ միայն երաժշտության ասպարեզում է այդպես, ցավոք։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930