Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը պատրաստվում է հանդես գալ խառը մենամարտերում: MMA-ի ճանաչված մենեջեր Ռիզվան Մոգամեդովի տարածած այս հայտարարությունը համացանցում լայն քննարկման թեմա է դարձել, առավել եւս, որ ինքը՝ Միհրան Հարությունյանը, իր էջում չի հերքել այդ տեղեկությունը:
Նա նշել է նաեւ, որ ոչ միայն չի պատրաստվում հեռանալ ըմբշամարտից, այլեւ մտադիր է շարունակել հանդես գալ նաեւ Հայաստանի ազգային հավաքականում:
Թե դա որքան իրականանալի իրողություն է, Aravot.am-ը զրուցեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ըմբշամարտի համակարգող Արսեն Բադալյանի հետ:
«Մենք նույնպես լսել ենք, որ Միհրան Հարությունյանը, կարծես, MMA-ի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել: Ըմբշամարտի ֆեդերացիայի համար առաջնայինը Միհրանի առողջությունն է, ունեցած վնասվածքների բուժումը: Մոտ մեկ ամիս առաջ Հարությունյանը երկրորդ անգամ վիրահատվել է, այս անգամ՝ Լեհաստանում: Կարծում եմ, նրան դեռ առնվազն վեց ամիս վերականգնողական շրջան է հարկավոր: Ինչպե՞ս է նա համատեղելու ըմբշամարտն ու MMA-ն, դժվարանում եմ ասել: Սպասենք ու եթե ժամանակը գա ու հարկ լինի, այդ խնդիրը կքննարկենք», – ասաց Արսեն Բադալյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արսեն Բադալյանի ֆեյսբուքյան էջի