Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիայի անտառատերերը հիացած են «Զիկատարի» բնությամբ եւ հյուրասիրությամբ. (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 06,2017 21:21

Ավստրիայի 2 երկրամասերի թվով 40 անտառատերեր եւ անտառկառավարողներ այցելել են Հայաստան, եղել հանրապետության տեսարժան վայրերում, նաեւ՝ Խոսրովի արգելոցի եւ Դիլիջանի անտառներում: Սեպտեմբերի 6-ը ավստրիացիների Հայաստան այցի վերջին օրն էր: Նրանք առավոտյան այցելեցին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի արհեստի եւ արվեստի կենտրոն,ուր նրանց դիմավորեցին ավանդական աղուհացով:

Ավստրիացիները ծանոթացան կենտրոնում ներկայացված նկարներին, ձեռքի գործերին: Ապա ավստրիացի անտառատերերը եւ անտառկառավարողները եղան Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող, գեղատեսիլ, կուսական անտառում հառնող «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնում: Անտառագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը պատմեց 150 հա անտառային տարածք ունեցող  «Զիկատար» կենտրոնի գործունեության մասին:

Անտառագետ Հովիկ Սայադյանը ներկայացրեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հողերի եւ անտառների կայուն կառավարում հյուսիս-արեւելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտների համար» ծրագիրը:

Ավստրիացի հյուրերը շրջեցին «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնի անտառներում, հիացան բնությամբ, եղան արհեստական լճակի մոտ, ծանոթացան հաճարենու փորձարարական հրապարակին: «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնի անտառագետ Սեյրան Ազատյանը ներկայացրեց 1952 թ. ստեղծված, Հայաստանում եզակի այդ փորձահրապարակում կատարվող աշխատանքները: Ավստրիացի անտառատերերը եւ անտառկառավարողները հիացմունք հայտնեցին «Զիկատարի» բնության, ինչպես նաեւ՝ կազմակերպված հյուրասիրության վերաբերյալ:

Հյուրասիրությունը շարունակվեց Կողբ գյուղում, երբ ավստրիացիները ծանոթացան անտառային մրգերից պահածոների եւ օղու պատրաստման նորաստեղծ արտադրամասի աշխատանքներին: Նրանք համտեսեցին, վայելեցին արտադրամասի պահածոները եւ օղին: Ավստրիացիներին եւս մեկ անակնկալ էր սպասում, նրանք ծանոթացան Բնության համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհով գործարկված արտադրամասում, ուր թեփից, անտառի թափոններից որպես վառելափայտ օգտագործվող բրիկետներ են պատրաստում: Այդ արտադրամասը իր տեսակի մեջ միակն է Հայաստանում:

Ավստրիայից ժամանած անտառատերերը եւ անտառկառավարողները ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեցին  «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնի տնօրեն Հայկ  Ղուլիջանյանին: Նրանք Կողբից մեկնեցին Թբիլիսի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930