Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի պաշտոնական հանդիպումից հետո Սմոլնիում կայացել է համագործակցության հուշագրերի ստորագրման արարողություն:
Երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային համագործակցության և մի շարք ուղղություններով փորձի փոխանակման հուշագիր է ստորագրվել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի միջև:
Համանման հուշագրեր են ստորագրվել նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի և Սանկտ Պետերբուրգի Վլադիմիր Մայակովսկու անվան կենտրոնական և Միխայիլ Լերմոնտովի անվան գրադարանների, ինչպես նաև Երևանի համար 181 և Սանկտ Պետերբուրգի համար 489 դպրոցների միջև:
Համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և Սանկտ Պետերբուրգի հ. 1 և h. 19 քաղաքային մանկական հիվանդանոցների, ինչպես նաև Երևանի «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի և Սանկտ Պետերբուրգի հ. 17 ծննդատան միջև:
Հուշագրերի ստորագրումից հետո կողմերը համոզմունք են հայտնել, որ այս հուշագրերը լրացուցիչ խթան կդառնան համագործակցության ընդլայնման և երկուստեք կապերի ամրապնդման համար, ինչն իր հերթին կծառայի ի բարօրություն Երևանի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների:
Երևանի քաղաքապետարան