Այսօր առավոտյան պաշտպանության նախարարության ավիացիայի ուղղաթիռը հետախուզական թռիչք է կատարել Բյուրականի մերձակա անտառների վրա, այդուհանդերձ, ԱԻՆ պատասխանատուները դեռ չեն կարող հստակ գնահատել հրդեհի հասցրած վնասների չափը:
Aravot.am-ի հարցին, թե նախնական տվյալներով Բյուրականի անտառներում վնասի չափերը որքա՞ն են կազմում, արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը պատասխանեց, որ այդ մասին դեռեւս վաղ է խոսելը, քանի որ դեռեւս ոչ ոք չի կարող գնահատական տալ: Վնասներն, ըստ մեր զրուցակցի, թե’ տնտեսական եւ թե’ տարածքի առումով պարզ կլինեն,վնասված մակերեսը գնահատելուց հետո:
Պարոն Խանգելդյանն ասաց, որ բռնկված հրդեհի վայրում աշխատանքները չեն դադարեցվել ողջ գիշեր: Ըստ նրա, ընդհանուր իրավիճակը վերահսկելի է.
«Մեծ թվաքանակով անձնակազմ է ներգրավված, առանձին օջախներ կան ծխացող եւ պարբերաբար այրվող, որոնք վերահսկողության տակ են, եթե առաջանում է ակտիվ շիջում է իրականացվում, ուղղակի պարբերաբար շատ ուժեղ քամի է բարձրանում եւ բավականին բարդ է մոտեցման խնդիրը»:
Մեր հարցին, թե հրդեհի մասշտաբները գնահատելով օգնություն կանչելու անհրաժեշտություն չե՞ն տեսնում, պարոն Խանգելդյանը պատասխանեց, որ դա իր որոշելու հարցը չէ եւ որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը պարբերաբար լինում է դեպքի վայրում ու, եթե դրա անհարժեշտությունն առաջանա` կորոշի. «Նախարարը պարբերաբար լինում է տեղում, փրկարար ծառայության տնօրենը չի բացակայում, արդեն որերորդն օրն է տեղում է: Իրավիճակը վերահսկելի է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ