Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև առաջիկայում նախատեսված հանդիպմանը, հիշեցնում է, որ արդեն մի քանի այդպիսի հանդիպումներ եղել են` սկսած նախորդ դարից. «Լավ է, որ հոգևոր առաջնորդները հանդիպում են, նրանց հանդիպումներն անհրաժեշտ են: Լավ է, որ նրանք ճշմարտությունն են ասում. այս կոնֆլիկտը կրոնական հիմք չունի»:
Արցախի թեմի առաջնորդը նկատում է, որ հոգևոր առաջնորդները միշտ խաղաղության կողմնակից են և խաղաղության կոչ են անում: «Ես կարծում եմ, որ նմանատիպ հանդիպումները պետք է որ որոշակի չափով իրենց բարի արդյունքները տան»,- ընդգծում է նա:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ