Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօր միաձայն հավանություն տվեցին «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծին:
Համազեկուցող Կարինե Աճեմյանի խոսքով, օրենքի փոփոխությունները պետք է դեռ մեկ տարի առաջ արվեին, բայց խորհրդարանական ընտրությունների պատճառով հետաձգվել էր, իսկ փոփոխությունները տեխնիկական են. «Քանի որ Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, ապա մեր օրենսդրությունը ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝որոշակի տեխնիկական փոփոխություններ են պետք, մասնավորապես՝ մեր օրենքում ամրագրված վկայագիր բառը եզրակացություն տերմինով պետք է փոխարինել, այսինքն՝ որեւէ մշակութային արժեք տեղափոխելու համար առաջարկվում է թույլատրող փաստաթուղթ ճանաչել եզրակացությունը»:
Կառավարության ցանկով ամրագրված արտահանման համար արգելվող մշակութային արժեքներին վերաբերող դրույթները մնում են անփոփոխ. «Ընդամենն այն մշակութային արժեքների մասով է փոփոխությունը, որոնք կառավարության արգելված ցանկում չեն»,- ասաց տիկին Աճեմյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ