Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները նաև աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականությանը

Սեպտեմբեր 06,2017 17:44

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, նախատեսվում է գալիք տարի կազմակերպել երեք երկրների նախագահների գագաթաժողով, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հանդիպման արդյունքում ընդունվել է «2017-2019թթ. եռակողմ համագործակցության ծրագիր», որում կողմերը, մասնավորապես հանդես են եկել տարածաշրջանային հակամարտությունների լուծման օգտին:

«Տարածաշրջանում շարունակվող հակամարտությունները վնաս են հասցնում տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը, ուստի պետք է գտնել դրանց քաղաքական լուծում՝ հիմնված միջազգային իրավունքի վրա», – ասվում է ընդունված եռակողմ հայտարարության մեջ:

Արտգործնախարարները նաև աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականությանը:

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ անհրաժեշտ է շուտափույթ կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, Ադրբեջանի հարակից շրջաններում և Վրաստանում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա՝ պահպանելով պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ընդունված պետական սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև՝ համապատասխան ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի բանաձևերի և որոշումների»,- ընդգծել են նախարարները:

Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հաջորդ տարի կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների գագաթնաժողով:

Նրա խոսքով՝ հանդիպմանը նախարարները որոշել են համապատասխան առաջարկ անել պետությունների ղեկավարներին:

Բացի եռակողմ հիմնական հանդիպումից՝ տեղի է ունեցել նաև երկկողմ հանդիպում Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների միջև:

Նրանք նշել են, որ երկու երկրների համագործակցությունը էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում հնարավորություններ է ստեղծում լայնածավալ և փոխշահավետ նախագծերի իրականացման համար: Բացի այդ, ընդգծվել է երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը Եվրոպայի էներգամատակարարմանն ուղղված Հարավային գազային միջանցքի իրականացման ուղղությամբ:

Նախարարները կարծիքներ են փոխանակել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարական աշխատանքները շուտափույթ ավարտին հասցնելու վերաբերյալ՝ նկատելով, որ ԲԹԿ-ի գործարկմամբ ապրանքաշրջանառությունը կավելանա: Դիվանագետները նաև նշել են, որ լայն հնարավորություններ կան Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930