Գրականագետ Ազատ Եղիազարյանը սեպտեմբերի 6-ին «Հենարան» ակումբում հայտարարել էր, թե փողոցների անվանափոխության պատմությունը սկսվել է Թումանյանի թանգարանի աստիճաններին բացված ցուցահանդեսից, ինչի պատճառով հայ ազգը պառակտվել է երկու մասի:
Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով գրականագետի խոսքը՚ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն ասաց. «Եթե մեր կազմակերպված ցուցահանդեսի մասին, որ արդեն չկա եւ փակվեց զրպարտության հետեւանքով, նման արտահայտություններ են անում, թող հիշեն Թումանյանի զավակների ճակատագիրը: Եթե այսքան խոսում են Թումանյանի մասին, Թումանյանով զբաղվում են, ապա թող չմոռանան Թումանյանի զավակների դաժան ճակատագիրը, որը բոլշեւիզմի հետեւանք էր: Եվ եթե ոմանց թվում է, որ մեր ազգը պառակտվեց Թումանյանի թանգարանում բացված արդարացի ցուցահանդեսի պատճառով, ապա ուզում եմ փաստել, որ ոչ թե պառակտվեց, այլ լյուստրացիայի ենթարկվեց մեր բնակչության մի մասը, եթե ոչ անվանական լյուստրացիայի, ապա գոնե մթնոլորտային»:
Նարինե Թուխիկյանը հավելում է. «Մեր հանրապետությունում բնակվող մարդկանց մի մասը առողջ չի մտածում, ադեկվատ չէ եւ ոչ մի կապ չունի ազատ, անկախ Հայաստանի հետ…Եթե ճշմարտությունն ասելը , որ Միկոյանը պահանջել է եւս լրացուցիչ 700 հոգու գնդակահարել, որ Կասյանն ասել է` պետք է ջլատել հայկական գործող բանակը եւ ոչնչացնել Առաջին Հանրապետությունը, որպեսզի իրականանա Ռուսաստանի եւ Թուրքիայի միացյալ շարժումը, ոմանք չեն կարողանում մարսել, իսկ դա նշանակում է, որ եթե իրավիճակ ստեղծվի, այդ մարդիկ նույն կերպ են վարվելու…Դրա համար եմ ասում, որ սա յուրատեսակ լյուստրացիա էր»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ