Համաշխարհային սպորտի լեգենդ, ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ռեկորդակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանը օրերս Հայաստանում էր: Նա մասնավոր այցով եկել էր՝ ներկա լինելու աթլետիկայի մեկ այլ լեգենդի՝ հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի սահմանած ու առայժմ չգերազանցված 8,86 մետր Եվրոպայի ռեկորդի 30-ամյակին համընկած աթլետիկայի «Էմմիյանի գավաթի» միջազգային մրցաշարին:
Aravot.am-ը հանդիպեց Մոսկվայում բնակվող լեգենդար մարզիկին եւ պարզեց նրա երկու երազանքները: «Եկող տարի լրանում է 80-ամյակս: Ցանկանում եմ այդ առիթով մրցում կազմակերպել եւ հրավիրել բոլոր ժամանակների աշխարհի լեգենդար հեռացատկորդներին, ինչպիսին է, օրինակ, Կարլ Լյուիսը: Նրանք շատ չեն, մոտ հինգ-վեց հոգի: Ցանկանում եմ նաեւ մրցումներից հետո այդ լեգենդներին բերել Հայաստան: Երկրորդ ցանկությունս կապված է դստերս՝ Մարիայի հետ, որը նույնպես հեռացատկորդ է: Հենց Մաշան հաղթահարի 6 մ 50 սմ-ի սահմանը, ուզում եմ, որ հանդես գա Հայաստանի դրոշի ներքո», – ասաց լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ