Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահանի գյուղապետ. «360 խմ. գազի ծավալը շատ քիչ է, որպեսզի սահմանամերձ գյուղի բնակիչը զգա սոցիալական բեռի թեթեւացում»

Սեպտեմբեր 06,2017 15:56

Կառավարությունը մտադիր է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ժամկետը երկարացնել: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» 2014 թվականին ընդունված օրենքն ուժի մեջ է մինչեւ 2018 թվականը, հետեւաբար աջակցությունն էլ պետք է ավարտվի 2018-ին: Կառավարությունը սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծով առաջարկում է այն երկարացնել մինչեւ 2021 թվականը:

Օրենքով եւ կառավարության որոշմամբ նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 25 համայնքում ընդգրկված 37 բնակավայրերում:

Ըստ այդ, սահմանամերձ համայնքների բնակիչներին նախատեսվում է տրամադրել հետեւյալ աջակցությունը՝ հաշվարկային տարում գումարային մինչեւ 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50% -ի չափով փոխհատուցում: Հաշվարկային տարում գումարային մինչեւ 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50%-ի չափով փոխհատուցում: Բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչեւ 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:

Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 %-ի փոխհատուցում: Սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի եւ այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:

Կառավարության անդամների հավանությանը ներկայացված այս փաստաթղթում նշված է, որ ծրագիրն իրականացնելու համար 2015-ից սկսած, ամեն տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 8 միլիոն դրամ : Ըստ այս ծրագրի, սահմանամերձ բնակավայրերում առկա են՝ 17238 տնտեսություն,        56068 բնակիչ, 17048 էլեկտրաէներգիայի բաժանորդ, եւ գազի 9978 բաժանորդ:

Նշենք, որ այս ծրագրով, ինչպես կառավարության անդամներն են վստահեցնում, բնակիչների սոցիալական բեռն են թեթեւացնում : Սակայն, օրինակ սահմանամերձ Վահանի համայնքապետարանը, ինչպես այս նախագծի վերաբերյալ ամփոփաթերթում է գրված, այնքան էլ գոհ չէ. «360խմ. գազի ծավալը շատ քիչ է, որպեսզի սահմանամերձ համայնքի բնակիչը զգա սոցիալական բեռի թեթեւացում»:

Մեկ այլ գյուղապետ էլ այսպիսի առաջարկություն է արել. «Առաջարկում եմ Արարատի մարզի Արմաշ համայնքը եւս ներառել աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում, քանի որ Արմաշը կարելի է նշել, որ ՀՀ ամենաստրատեգիական նշանակություն ունեցող բնակավայրերից է ու ոչ մի պետական աջակցությունից գյուղի բնակիչները չեն օգտվում»:

Այս երկու գյուղապետերին կառավարությունը նույն պատասխանն է տվել, ըստ որի գյուղապետի բարձրացրած խնդիրների վերաբերյալ կառավարությունը պետք է որոշում կայացնի, իսկ այս նախագիծն ընդամենը ծրագրի ժամկետին է վերաբերում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930