Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խայտառակություն է եւ ապտակ է հենց Եվրոպային». Շավարշ Քոչարյանը՝ Ադրբեջանի «լվացքատան» մասին

Սեպտեմբեր 06,2017 15:50

Այսօր լրագրողները փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեցին, թե Ադրբեջանի «լվացքատան» հետ կապված բացահայտումից հետո հայկական կողմը ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել՝ օգուտներ ստանալու, «լվացքատնից» կարո՞ղ ենք օգտվել: Նա պատասխանեց. «Մեկը նստած է ոնց որ դատարանում, իրեն դատում են, դուք էլ ասում եք՝ ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել: Իրականում դա ոչ այլ ինչ է, քան բուն դատը, իհարկե՝ փոխաբերական, ոչ իրավական առումով: Այն, ինչ այսօր կատարվում է ամբողջ Եվրոպայով մեկ՝ հետաքննություններ, նույնիսկ քրեական գործ, Իտալիա եւ այլն, սա խոսում է մի բանի մասին՝ արդեն համբերության բաժակը լցվել է: Խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ թույլ են եւ նույնիսկ Եվրոպայի սրտում պատգամավորներ կան, որ այդ գայթակղությանը չեն դիմանում: Որպես կանոն, դրանք այն պատգամավորներն են, որոնց ժամկետն ավարտվում է: Բայց, ամեն դեպքում, դա, իհարկե, խայտառակություն է եւ ապտակ է հենց Եվրոպային: Իհարկե, դրա համար պատահականություն չի, որ դա սկսվել է:

Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ ասում է՝ դա հայերն են արել: Այսինքն, ինչ պատահում է, այստեղ մեղավորը հայերն են, քանի որ հասկանում են, որ դա բավարար չի, Սորոսին էլ հետը կպցնում են: Դա միայն էլ ավելի է խորացնում իրենց նկատմամբ մեղադրանքները: Իրենք, ինչ հայտարարվել է, չեն հերքում, որ այդ բոլորը տեղի է ունեցել, ուշադրություն դարձրեք իրենց պաշտոնական պատասխանը՝ Ալիեւների ընտանիքը դրա հետ կապ չունի, այսինքն, էդ երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, առանց իրենց ինչ-որ մեկը 3 մլրդ գումար է դուրս հանել, ինչ-որ գործողություններ է արել: Սա ինքնին զավեշտ է»:

Շավարշ Քոչարյանը չի բացառում, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը լիազորություններից կգա ժամանակ, որ կզրկվի. «Գնալով դա կհասունանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930