«Մի յոթ-ութ հոգի գիտեմ, որ մահացել են տեսախցիկների պարտքերի պատճառով»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցման պատճառը տեսախցիկների տեղադրումն է և այն, որ գումարով առանց սովորելու վարորդական վկայական են ստանում:
Այս առիթով նա մանրամասնեց. «Վարորդական վկայականների քառասուն տոկոսն ուղղակի վաճառվում է աուկցիոնի պես՝ 90.000-150.000 դրամ: Պարոն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ իրենց հարցումները վարորդների շրջանում ցույց են տալիս, որ բոլորը դժգոհ են, բոլորն էլ ասում են՝ քշող չկա. «Այս վիճակը սկսվել է 2012 թվականից, իսկ պատճառները երկուսն են: Առաջին, երբ տեսախցիկների ներդրումը պարզապես ծառայեց վարորդներին տուգանելուն, թեև դրանք շատ կարևոր բաներ են։ Այդ պայքարը, այդ հոգևոր տառապանքը, որը ես բիզնես-ցեղասպանություն եմ անվանում, ազդել է ժողովրդի վրա։ Ես մի 7-8 հոգի գիտեմ, որ մահացել են տեսախցիկների պարտքերի պատճառով։ Դա ատելություն սերմանեց պետություն-հասարակություն-վարորդ հարաբերություններում»։
Տիգրան Հովհաննիսյանը մտահոգված է, որ Հայաստանում նաև երթևեկության մշակույթ գոյություն չունի:
Ըստ նրա՝ խայտառակ պատկեր ունենք. «2013-2016 թվականներին մոտ հինգ հազար պատահար է եղել, որի տասը տոկոսն ավարտվել են զոհով»։
Անդրադառնալով աջ ղեկով մեքենաների խնդրին՝ Տիգրան Հովհաննիսյանն ասաց. «Ավտոպարկի 10 տոկոսն աջ ղեկով մեքենաներն են։ Մեր հերոս աղջիկները վարորդական վկայականներ են ձեռք բերում ու նստում աջ ղեկին։ Հարց է, թե կարո՞ղ ենք ունենալ կազմակերպություններ, որոնք աջ ղեկը կփոխարինեն ձախով, արդյոք հնարավո՞ր է դա, չէ՞ որ ղեկը փոխելով՝ խախտվում են տեխնիկական բոլոր տվյալները: 2014-ից էլ ԵՏՄ մուտք գործելուց հետո աժիոտաժ է սկսել. բոլորը մեքենա են ներկրում, մինչև տարեվերջ ով ինչքան կարող է, մեքենա է ներկրում Ճապոնիայից»:
Տիգրան Հովհաննիսյանի համոզմամբ՝ երթուղայինների վարորդների պահվածքը կփոխվի,ե թե նրանք աշխատավարձով աշխատեն, ոչ թե պլան կատարելու համար որսի դուրս գան:
Անդրադառնալով ասմունքող Լիանա Զուրաբյանի և ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպին, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ, հետո, երբ ծանոթացավ մանրամասներին, զարմացավ. «Համեմատելով Վրաստանի հետ՝ կարող եմ ասել, թե հնարավոր չէ մեր ոստիկանների հետ լեզու չգտնել: Չգիտեմ՝ այդ կինն ինչ իրավիճակում է եղել, կամ ոստիկաններին ինչու չեն զիջել: Ուրեմն համակարգն արդեն փտում է: Պարոն Գասպարյանը պետք է հասկանա, որ համակարգը փտում է, և տեսուչները դրանում մեղավոր չեն: Նրանք էլ երթուղայինների վարորդների պես պլանով են աշխատում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ