Շատ թուրք փորձագետներ կարծում են, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը խանգարել է ՌԴ-ի մասնակցությունն այդ գործընթացին: Ավելին, կարծիքներ են հնչել, որ ՌԴ-ի մասնակցությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ի սկզբանե եղել է հաշտեցմանը խանգարելու նպատակով: Նման տեսակետ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը: Նա ներկայացնում էր Թուրքիայում իր կատարած հետազոտության արդյունքները: Հետազոտության թեման էր`ինչպիսի՞ն է այսօրվա Թուրքիան, 2015-ից`Հայոց ցեղասպանության 100-ամյակից ցայսօր:
Ուշագրավ է, որ թուրք փորձագետների մեծամասնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի դերակատարությունը նույնպես համարում են հակամարտության կարգավորմանը խանգարող: «Դրա համար թուրքերն առաջարկում են Թուրքիա-Հայաստան ուղիղ կապերը շատացնել`հաշվի առնելով հարաբերությունների վիճահարույց եւ բարդ կողմերը, փորձել ուղիղ եւ բաց աշխատել»,- ասաց փորձագետը:
Ըստ բանախոսի, Թուրքիայում կա վերլուծաբանների մի փոքր հատված, ովքեր կարծում են, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը եւ արձանագրությունների ստորագրման տապալումը հայկական կողմի պատճառով էր: Առհասարակ, այս առումով, թուրքական կողմից հիմնականում երկու պատճառ է նշվել`Ադրբեջանի հետ Թուրքիայի կապը եւ 1993 թվականին հայ-թուրքական սահմանի փակումը, որը պայմանավորված էր Արցախի հիմնահարցով: Եվ քանի դեռ պատճառը չի վերացել, հետեւանքները չեն կարող վերանալ: «Բայց, խնդիրն այստեղ մի քիչ ավելի խորն է եւ որքան ես հասկացա, ղարաբաղյան թեման եւ հայ-թուրքական արձանագրությունները կապելը ավելի շատ պատրվակ է, ոչ թե իրական պատճառ: Հիմնական պատճառներից մեկը, ինչպես կարծում են շատ թուրք վերլուծաբաններ, Էրդողանի եւ Գյուլի հակասություններն էին, որի մասին մենք գրեթե չենք լսել: Ըստ որոշ փորձագետների, Էրդողանը լրջագույն խնդիրներ ուներ այդ գործընթացը ձախողելու, որովհետեւ իր անունն այդտեղ քիչ էր հոլովվում»,- ասաց բանախոսը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ