Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Տավուշում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից արձակված կրակի միջադեպից հետո Կասպրշիկի անհասցե հայտարարության մասին՝ ասաց. «Միջնորդները միշտ փորձում են անել դա անհասցե, չնայած կան բացառություններ: Այդ հետաքննող մեխանիզմը, որ առաջարկվում էր, հենց դրան էր ուղղված, որ լիներ հասցեական, որպեսզի ոչ թե միջնորդը դա ասի, այլ համապատասխան հետաքննող հանձնաժողովը: Այդ տեսակետից պատահական չի, որ Ադրբեջանն է հենց խոչընդոտում այդ մեխանիզմի ձեւավորմանը՝ չնայած այդ պարտավորությունը ստանձնել էր Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում: Այնպես որ, ընդհանուր առմամբ Ադրբեջանը չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումները, ավելին՝ վրդովվում է, որ իրենք դուրս են եկել այդ հավասարակշռությունից»:
Ըստ Շավարշ Քոչարյանի, եթե անհասցե են լինում հայտարարությունները, խրախուսում են Ադրբեջանին նորից դիմել այդ քայլերին, ու Ադրբեջանը դա էլ անում է: Փոխարտգործնախարարը նշեց, որ դրանով Ադրբեջանը մեկուսանում է միջազգային հանրությունից, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեզ դրանով ապահով զգանք, պետք է ապավինենք մեր ուժերին:
Հարցին՝ չե՞նք կարող պարտավորեցնել Ադրբեջանին դիվանագիտական խողովակներով՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ միշտ չէ, որ միջնորդները այդպիսի հավասարակշռված հայտարարություններ են անում, եղել է դեպք, որ անվանական է եղել քննադատություն. «Դա խոսում է նրա մասին, որ իրոք Ադրբեջանը արդեն դուրս է եկել այդ խաղի կանոնից եւ այդ անհասցեականության նժարը թեքվում է դեպի Ադրբեջանին քննադատությանը: Ինչ վերաբերում է պարտադրմանը, պետք է մի քիչ ավելի զգույշ լինենք մեր մոտեցումներում, որովհետեւ իրենց հետ պետք է աշխատել եւ մենք աշխատում ենք»:
Չե՞նք կարող մենք միակողմանիորեն մեր կողմից տեղադրել այդ հետաքննող սարքերը՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ մենք ամեն ինչ անում ենք, տեսանկարահանող սարքեր կան սահմանին, վերջիվերջո միջնորդները հնարավորություն ունեն նաեւ տիեզերքից այդ բոլորը դիտարկելու, բայց շատ կարեւոր է, որ դա անի միջազգային մանդատ ունեցող հետաքննող խումբը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ադրբեջանը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների տակ ստորագրե՞լ է՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այնտեղ չկար գրավոր փաստաթղթեր, դա ոչ թե գրավոր էր, այլ տեղում, համենայնդեպս վարում էր այդ նիստը ԱՄՆ պետքարտուղար Քերրին եւ Ադրբեջանը համաձայնվել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ