Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան` Հայոց ցեղասպանության 100-ամյակից հետո (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2017 14:56

Ինչպիսի՞ն է այսօրվա Թուրքիան, 2015-ից`Հայոց ցեղասպանության 100-ամյակից ցայսօր: Նման հետազոտություն է իրականացրել քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը: Հետազոտությունն իրականացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի եւ ԵՄ-ի աջակցությամբ: Երեք շաբաթվա ընթացքում Անկարայում ունեցած 30 հանդիպումներից, տարբեր հարցազրույցներից, քննարկումներից եւ բանավեճերից հետո Գեւորգ Մելիքյանը եկել է այն եզրահանգման, որ 2016 թվականին Անկարայում եւ Ստամբուլում հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունն ամենուր է, անգամ մարդկանց մտածողության մեջ:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ քաղաքագետն ասաց, որ իր հետ երես առ երես զրույց ունեցած մարդիկ բոլորը, առանց բացառության, խնդրել են չնշել իրենց անունը: «Այս իրականությունը բերել է նրան, որ գյուլենականության դեմ պարանոյան դարձել է Էրդողանի քաղաքականության մի մասը»,- ասաց քաղաքագետը`հավելելով, որ անգամ խոսակցություններ կան այն մասին, որ Էրդողանն ամեն օր փոխում է իր ննջարանը, որպեսզի անգամ իր սպասավորները, մերձավորները չիմանան, թե որտեղ է քնել:

Մանրամասները` տեսանյութում

Քաղաքագետի դիտարկումներով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար այսօր շատ կարեւոր է երկրի ներսում կատարյալ վերահսկողությունը, իրական եւ երեւակայական վտանգների չեզոքացումը եւ սեփական դիրքերի պահպանումը մինչեւ 2019 թվական, մինչեւ նոր ընտրություններ: Այս համատեքստում, նա կարծում է, որ Թուրքիայում այսօր անգամ թուրք-վրացական, թուրք-ադրբեջանական հարաբերությունները առաջնահերթություն չեն: Իսկ հայ-թուրքական հարաբերությունները բնավ օրակարգային հարց չեն, ի հեճուկս Հայաստանում դեռեւս թուրքական դրոշն այրողների եւ պախարակողների:

Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի վերընտրությանը, ըստ բանախոսի, Թուրքիայում կարծիքները բաժանվում են երկու հակադիր մասերի:

Գեւորգ Մելիքյանն ուսումնասիրել է նաեւ ՆԱՏՕ-ի դերը հայ-թուրքական հարաբերություններում: Ուշագրավ է, որ հետազոտությունների ընթացքում հիմնականում հնչել է այսպիսի միտք`ՀՀ-ում ռուսական ռազմաբազան իրականում Հայաստանի եւ հայերի դեմ է, ոչ թե Թուրքիայի:

Մանրամասները` տեսանյութում

Ըստ Գեւորգ Մելիքյանի, Էրդողանին շատերը համարում են սառը եւ խորամանկ գործիչ, նրան համեմատում են Մաքիավելու հետ: Քաղաքագետն այն տեսակետի կողմնակից է, որ Էրդողանն օգտագործում է կրոնը`մարդկանց 2019-ի ընտրություններին նախապատրաստելու համար: Նա կարծում է, որ սա մտահոգում է թուրքական հասարակությանը, 2016-ից սկսված եւ Էրդողանի պարանոյան շատերին դուր չի գալիս: Իբրեւ Էրդողանի պարանոյայի դրսևորումներից, բանախոսը նշում է այն, որ թուրքական մետաղադրամները, որոնք Աթաթուրքի դիմանկարով էին, այժմ փոխարինվում են 2016-ի հեղափոխության մարտիկների դիմանկարներով:

«Թուրքիայի ներսում այնքան խնդիրներ կան, որոնք հայ-թուրքական հարաբերությունները, նույնիսկ արձանագրությունները շատ տասնորդական թեմա են դարձնում»,- կարծում է քաղաքագետը:

Խոսելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին էլ, բանախոսը փաստեց` Թուրքիայում Ադրբեջանը համարում են պրոռուսական երկիր: Այս համատեքստում, նա սին է համարում Հայաստանում վարվող քարոզչությունը`ասում ենք Թուրքիա`հասկանում Ադրբեջան, կամ հակառակը. «Դա մանկապարտեզային ինֆանտիլիզմի է նմանվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930