Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանում պատասխանել են արևմտյան մամուլի մեղադրանքներին. մեղավորը հայկական լոբբին է

Սեպտեմբեր 06,2017 14:25

Երեկ ամերիկյան The Washington Post  պարբերականում հրապարակված «Ադրբեջանում որոշ լրագրողներ բնակարաններ են ստանում, որոշներն էլ՝ բանտախցեր» վերտառությամբ հոդվածը, ինչպես նաև Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի զեկուցման նախագծի (OCCRP) հետաքննությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին, բուռն արձագանք են առաջ բերել Ադրբեջանում:

Մասնավորապես նշված հոդվածներին արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

«Ամերիկյան Washington Post պարբերականը, որը միշտ առանձնացել է Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքով, խմբագրական հոդված է հրապարակել «Ադրբեջանում որոշ լրագրողներ ստանում են անվճարը բնակարաններ, որոշներն էլ՝ բանտախցեր» վերտառությամբ, որով ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս իր ոչ օբյեկտիվ մոտեցումը… Կեղծիք, փաստերի աղավաղում և կանխամտածված լուսաբանում. սրանք այն առանձնահատկություններն են, որոնք բնորոշ են այդ հոդվածին և ընդհանուր առմամբ այդ պարբերականի տեղեկատվական քաղաքականությանը»,- ասել է Ալի Հասանովը՝ նշելով, որ չի կարելի լրագրողների բնակարանային հարցերը լուծելու գործողությունը կապել «հանցագործությունների համար ձերբակալությունների» գործողության հետ:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթներում բազմիցս մեղադրել է Washington Post-ին՝ կեղծ տեղեկատվություն տարածելու, փաստերի աղավաղման և տարբեր քաղաքական շրջանակների շահերին ծառայելու մեջ:

Հասանովը նշել է, որ պարբերականն օգտագործվում է որոշ քաղաքական շրջանակների կողմից՝ որպես պետությունների ղեկավարների, հասարակական-քաղաքական գործիչների և բիզնես-կառույցների վրա ճնշում գործադրելու գործիք և ոչ մի կերպ չի կարող համարվել ազատ մամուլի օրինակ:

Ինչ վերաբերում է OCCRP-ի հետաքննությանը, որը երեկ հրապարակվել էր The Guardian– ի  և արևմտյան մի շարք այլ պարբերականների կողմից, Հասանովը նշել է, որ դա ևս Ադրբեջանի դեմ ընթացող արշավի մի մասն է և չի արտացոլում իրականությունը:

«Իսկ ե՞րբ է The Guardian-ը ճշմարտությունը գրել Ադրբեջանի մասին: Այդ թերթը տարիներ շարունակ հայտնի է իր հակաադրբեջանական դիրքորոշմամբ, համաշխարհային մասշտաբով իրականացնում է որոշակի շրջանակների պատվերներ: Նույնն է արել նաև հիմա: OCCRP-ի հետ համաձայնեցված՝ նրանք Ադրբեջանին սևացնելու նոր արշավ են սկսել»,- ասել է Հասանովը:

Հասանովը նշել է, որ OCCRP-ի հովանու տակ գտնվող կառույցները 10 տարի առաջ գործունեություն էին իրականացնում Ադրբեջանում: «Նրանց գաղտնի մտադրությունները բացահայտվել են, նրանք Ադրբեջանից վտարվել են: Այդ կազմակերպությունները գաղտնի կառավարվում են Արևմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ում հայկական սփյուռքի կողմից»,- ասել է նա:

Նշված հոդվածների վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել նաև Ադրբեջանի մամուլի խորհուրդը:

«Միանգամայն հստակ է՝ ինչ կենտրոններից են ղեկավարվում մեր երկրի դեմ ծրագրված իրականացվող այդ նախաձեռնությունները. ուժեր, որոնք չեն ընդունում Ադրբեջանի անկախ ներքին և արտաքին քաղաքականությունը, տեղերում նրանց դրածոները, հայկական լոբբին և սփյուռքի կազմակերպությունները: Washington Post-ում հրապարակված հոդվածներն իրենցից ներկայացնում են խոսքի ազատության չարաշահում և մասն են կազմում այն կեղտոտ արշավի, որը սկսվել եվրոպական ԶԼՄ-ներում վերը նշված կազմակերպության (OCCRP-խմբ.) հաշվետվության հրապարակմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է լրագրողներին բնակարաններ բաժանելու և ընդդիմադիրներին ձերբակալելու մեղադրանքներին, մամուլի խորհուրդը նշում է, որ «բոլոր առաջատար երկրներում լուրջ են վերաբերում հարկերից խուսափելու հարցին»: «Մենք վստահ ենք, որ Մեհման Ալիևի («Թուրան» գործակալության տնօրենը, որը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ-խմբ.) գործը կքննվի միանգամայն արդար և կկիրառվեն համապատասխան օրենսդրական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արևմտյան մամուլի հրապարակումներին պատասխանել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան, որի անունը շոշափվում էր փողերի լվացման սկանդալում:

«Որպես ՄԱԿ-ի գործակալության գլխավոր տնօրեն՝ ես պարտավոր եմ աշխատանքային հարաբերություններ հաստատել կազմակերպության բոլոր անդամների հետ՝ համաձայն անդամ-պետությունների միջև հաստատված քաղաքականությանը»,- ասել է նա՝ հերքելով իր հասցեին հնչեցված մեղադրանքները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930