Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմի ժամանակ ՀՀ-ի դեմ թունավոր, հեղձուցիչ գազ չեն կարող կիրառել. նոր համաձայնագիր

Սեպտեմբեր 06,2017 13:58

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգությանն հարցերի մշտական հանձնաժողովում կառավարությունը ներկայացրեց «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու հարցը: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ֆրանսիան մեզ խնդրել է այդ արձանագրությանը միանալ, որին ստորագրման պահին 36 պետություն է միացել, հիմա՝ ավելի քան 140 պետություն: Արձանագրությանը միացել է նաեւ Թուրքիան, Իրանը: Ադրբեջանը չի միացել:

«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ ստացվում է, որ եթե մենք չմիանանք, մեր նկատմամբ կարո՞ղ են թունավոր, հեղձուցիչ գազ կիրառել՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ֆորմալ առումով՝ այո, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ նույնիսկ այն պետությունները, որ չեն միացել, նույնիսկ նրանց կողմից քայլը չի կարող անարձագանք մնալ»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» համաձայնագրին Հայաստանի միանալու հարցը: Նաեւ մեկ այլ համաձայնագիր՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ «ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին»: Ֆելիքս Ցոլակյանը, որպես հարակից զեկուցող, ասաց, որ 16 տարի է, այդ պայմանագիրը գոյություն է ունեցել ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ եւ մենք չգիտենք, թե այս 16 տարվա մեջ ինչի են հասել, ի՞նչ են արել այդ պայմանագրով:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ ռազմարդյունաբերական մեր համալիրի զարգացման համար նոր հնարավորություն է ստեղծելու այս համաձայնագիրը: Ֆելիքս Ցոլակյանն էլ ընդգծեց, որ ՀՀ-ում կա ռուսական բազա, այնտեղի զինտեխնիկան վերանորոգվում է ոչ հայկական ձեռնարկություններում. «Վաղը, մյուս օրը,եթե տեխնիկան պետք է նորոգվի, գոնե մենք դրանից օգուտներ քաղենք: Երբ ռուսական երկաթուղին սկսեց գործել ՀՀ-ում, դեպոն գործեց, սկսեցին քաշող մեքենաները վերանորոգել Գյումրիում, սա շատ կարեւոր է: Եթե համաձայնվեն՝ ես կողմ եմ համաձայնագրին»:

Հանձնաժողովը այս համաձայնագրին եւս դրական եզրակացություն տվեց՝ 6 կողմ, մեկ դեմ: Համաձայնագրին դեմ էր Սասուն Միքայելյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930