ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանել է ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների վեճի տեսանյութը հրապարակելու առնչությամբ ոստիկանությանն ուղղված քննադատություններին:
Աշոտ Ահարոնյանը մասնավորապես գրել է. «Այո՛, ճանապարհային ոստիկանների դյուրակիր տեսախցիկները կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու խնդիր ունեն, բայց՝ ոչ միայն: Ինչպես բազմիցս պարզաբանվել է ոստիկանության կողմից՝ տեսախցիկներն ունեն նաև ճանապարհային ոստիկան- քաղաքացի տարաձայնություններն արձանագրելու ու հետագայում վերլուծելու, կոնկրետ իրավիճակ ֆիքսելու, կոնկրետ խախտման հետ կապված որոշում գնահատելու, ինչու ոչ՝ նաև իրականությունը հանրությանը ներկայացնելու ու հանիրավի մեղադրանքներին դիմադարձելու խնդիր»:
Աշոտ Ահարոնյանը նաեւ գրում է. «Պետք է հասկանալ, որ կոռուպցիան մեր իրականության միակ չարիքը չէ: Պակաս չարիք չէ, օրինակ, սուտ ու անփաստարկ լրատվությամբ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն ու պետական կառույցների վարկաբեկումը: Այդ մերժելի մարտավարությունը քողազերծելու և քաղաքացուն թյուրիմացությունից զերծ պահելու համար է նաև ոստիկանությունը հրապարակում տեսագրություններ, պարզաբանումներ, մեկնաբանություններ և այլն»:
Հիշեցնենք, որ նաեւ քննադատվում է, թե այս տեսանյութի հրապարակմամբ ոստիկանությունը խախտել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը եւ այլն:
Նաեւ հիշեցնենք, որ մինչ տեսանյութի տարածումը Լիանա Զուրաբյանը «Հրապարակին» ասել էր. «Մեքենայով անցնում էի Պռոշյանով՝ նախագահի տան հատվածում, որտեղ կանգնած էին պետավտոտեսուչներ։ Կանգնեցնում են։ Որևէ խախտում չէի արել։ Մեկ տարեկան տղայիս հետ էի։ Ասում են, որ տեխզննման կտրոնս չեմ թարմացրել։ Միաժամանակ բացատրում է, որ տեխզննման կտրոն վերցնելը ավարտվում է միայն փող տալով ու վերցնելով, մեքենան ոչ մի ստուգում չի անցնում։ Ձևական բնույթ է կրում։ Միայն թղթի կտոր է, որ մտցնես «քեզ կանգնեցնող գայըշնիկի տապոռ աչքը։ Մի հատ չեն հարցնում՝ մեքենայիդ սիրտը գոնե աշխատու՞մ է, մնացած օրգանները ջհաննամ»։ Փոքրիկս այդ խոսակցությունից լացում, վախենում է։ Խնդրում եմ, որ ընդառաջեն ինձ, երեխային հասցնեմ տուն, նոր գամ հարցերը պարզելու։ Չեն համաձայնվում։ Գործ է ընկել ձեռները։ Ասում եմ՝ պետավտոտեսուչներ, ձեզ մայր չի՞ բերել․․․ Միայնակ մայր եմ, մի՞թե չեք կարող ընդառաջել, որ երեխային տուն հասցնեմ, որպեսզի չվախենա։ Ասում են՝ մենք երեխային տուն կուղարկենք։ Միայնակ մայր եմ, մենակ եմ ապրում, ու՞մ մոտ կուղարկեք,- պատասխանում եմ։ Բացատրում եմ , որ ես զբաղվում եմ պոեզիայով, ասմունքում եմ, Սևակ եմ կարդում։ Քմծիծաղում են՝ պոեզիան ինչ է, Սևակն ով է։ Իմ ամենաթույլ կետին են խփում։ Երեխան էլ մի կողմից է լացում, գոռում։ Բարկացած մեքենաս գործի եմ դնում։ «Զադնի տալուց» խփում եմ հետևում կանգնած նրանց մեքենային»: