2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստից առաջ այսօր հերթական միջադեպը գրանցվեց դատարանի կարգադրիչների եւ ամբաստանյալների պաշտպանների միջեւ:
Նախ փաստաբան Լուսինե Սահակյանը ներս չմտավ՝ կրկին նույն խնդրով. նա հրաժարվեց բացել պայուսակը՝ ասելով, որ դա փաստաբանի հանդեպ ապօրինի խուզարկություն է:
Այնուհետեւ Մուշեղ Շուշանյանը գրություն թողեց դատավորին առ այն, որ կարգադրիչներն իրեն չեն թույլատրում ներս մտնել: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ միտում է տեսնում այս ամենում: Ըստ Շուշանյանի՝ այս ընթացքում ինքը չի կարողանում ներկայանալ, քանի որ իրեն խուզարկում են, իսկ չներկայանալու պատճառով՝ ապօրինաբար հանրային պաշտպան հրավիրում իր պաշտպանյալների համար:
Փաստաբան Արա Զաքարյանն էլ կարգադրիչներից պահանջեց ներկայացնել արգելված իրերի ցանկ, որն իրականում գոյություն չունի: Ապա հերթով գրպանից հանեց մետաղադրամները՝ ամեն անգամ հանելուց հարցնելով՝ «արգելվա՞ծ» իրեր են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ