«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
«Մեր դիրքը մի ընտանիք է, որտեղ մեկս մյուսի մասին հոգ ենք տանում, իրար օգնում, սատարում դժվարությունների պահին, փորձում լուծել ծագած խնդիրները` գիտակցելով, որ մեկս մյուսով ենք ուժեղ, որ հակառակորդի դեմ պայքարելիս իրար կողքի ենք լինելու ու միասին ենք մարտ վարելու: Նման պայմաններում միմյանց հետ, բացի եղբայրական հարաբերություններից, այլ հարաբերություններ հնարավոր չեն»,- այսպես է մտածում դիրքապահ Վարդան Ստեփանյանը, ում հետ ծանոթության առիթը դարձավ մեր հերթական այցն առաջնագիծ:
1997թ. oգոստոսի 18-ին ծնված Վարդանը Սպիտակից է: Մինչ զորակոչվելը նա հասցրել է հաճախել համակարգչային-օպերատորական 6-ամսյա դասընթացների ու 2016թ. հունվարից արդեն Պաշտպանության բանակի շարքերում է:
Զորակոչվելուց ընդամենը ամիսներ անց Վարդանն ու իր զինակից ընկերները մասնակիցը դարձան ապրիլյան դիմակայությանը: Այդ օրերի մասին խոսելիս դիրքապահ Ստեփանյանը պատմում է, թե ինչպես էին դիրքի տղաներով համատեղում դիրքապահի իրենց պարտականություններն ինժեներական աշխատանքներ կատարելու հետ. «Որպես օգնական ուժ էինք` առաջնագծի հետևում, երկրորդ գծում կատարում էինք դիրքապահի պարտականություններ, ժամանակի մյուս մասն էլ անցկացնում էինք խրամատներ փորելով»:
Մեր այն հարցին, թե որն է կարևորագույն նախապայմանը դիրքապահի ծառայության համար, շարքային Վ. Ստեփանյանը պատասխանում է. «Անձնակազմի շրջանում տիրող միջանձնային ճիշտ փոխհարաբերությունները, մեկը մյուսի հանդեպ ուշադիր լինելը, բնականաբար` զգոնությունը, երբ գտնվում ես մարտական դիրքում, որովհետև քո հետևում կանգնած է մի ամբողջ ազգ, որը վստահում է քեզ, որն իր անվտանգության երաշխիքն է քեզ համարում, քեզ հետ հույսեր է կապում»: Անշուշտ, դիրքապահի առաքելությունը պարտավորեցնում է շարքային Ստեփանյանին ու իր զինակիցներին, որպեսզի լինեն աչալուրջ, իրար հետ համերաշխ, ամրակցված զենքին տիրապետեն լիարժեքորեն, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվեն ու ճիշտ որոշումներ կայացնեն:
Միջանձնային ճիշտ փոխհարաբերություններին զուգահեռ դիրքապահ Վ. Ստեփանյանը կարևորում է նաև ծառայությանը գիտակցական մոտեցում ցուցաբերելը, և ինչպես պարզ դարձավ հրամանատարության հետ զրույցից, ծառայության առաջին իսկ օրերից Վարդանը հենց այդ ձևաչափով էլ կատարում է իր պարտականությունները ամենայն պատասխանատվությամբ և բարձր զգոնությամբ: «Եթե չգիտակցենք, որ մեր առաջ կանգնած է հակառակորդ, ով ամեն պահի կարող է անկանխատեսելի պահվածք դրսևորել, չենք կարողանա նրա դեմն առնել, պետք եղած դեպքում` հետ շպրտել,- ասում է դիրքապահ Վ. Ստեփանյանն ու ավելացնում,- իրար աջակցելով, մեկս մյուսին թև ու թիկունք լինելով ենք դիրքը մինչև այսօր անառիկ պահում ու նույն կերպ էլ շարունակելու ենք»:
Վարդանի հետ զրուցելիս խոսք բացեցինք նաև հայրենասիրություն հասկացության մասին, և թե ինչ է այն նշանակում առաջնագծում կանգնած զինվորի համար, ով երկու տարի անընդմեջ դեմ-դիմաց կանգնում է մահվան առաջ ու աչք չի թարթում: Վարդանի պատասխանը հստակ էր ու միանշանակ. «Եթե գտնվում ես դիրքում, արդեն իսկ նշանակում է, որ հայրենասեր ես, որ քեզ համար կարևոր են ընտանիքդ, ազգդ, հայրենիքդ: Ի վերջո այդ արժեքների համար ենք այստեղ կանգնած` պատրաստ ամեն պահի պայքարել, եթե փորձեն դիրքը գրավել` նույնիսկ կյանքի գնով այն պահել,- փոքր դադարից հետո շարունակում է,- որովհետև եթե դիրքը գրավեն, կնշանակի՝ վտանգվում է երկրի ու ազգի գոյությունը, իսկ երբ կործանվում է երկիրը, պետությունը, կործանվում է ամեն ինչ, այսինքն` դու էլ ոչինչ չես ունենա հանուն որի արժե պայքարել ու ապրել»:
Վերջում դիրքապահ Վ. Ստեփանյանը վստահեցրեց, որ մեր ժողովուրդը կարող է անհոգ լինել, որովհետև իր զինվոր զավակները պատրաստ են ամեն վայրկյան հակառակորդին արժանի հակահարված տալ. «Սրանք զուտ խոսքեր չեն, դա ապացուցել ենք հենց ապրիլյան դիմակայության օրերին ու պատրաստ ենք ապացուցել նաև այսուհետև, եթե անհրաժեշտություն լինի»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն