Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգեբուժարաններին ուղղվող ծախսերի մի մասը պետք է ուղղել արտահիվանդանոցային ծառայություններին

Սեպտեմբեր 06,2017 14:00
hogebujaran

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը կարծում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար այլընտրանքային խնամքի կազմակերպումը խիստ կարեւոր է:

Դեռեւս մարտ ամսին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետին հայտնեց, որ հոգեկան առողջության, մտավոր եւ հոգեկան զարգացման խնդիրներ ունեցող երեխաների եւ դեռահասների համար ցերեկային կենտրոնների ստեղծումը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար սատարող բնակարանների ստեղծումը հնարավոր չէ` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Նկատենք, որ այդ խոստումներն ամրագրված էին «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգով»: Այս հայեցակարգի հիմնական նպատակներից մեկն ուղղված է նման խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը փոփոխելուն եւ երկաթե ճաղավանդակներով հոգեբուժարաններից ցերեկային կենտրոններին անցնելուն, ինչը, ըստ մասնագետների, կնպաստի, որպեսզի հասարակության մեջ վերանա այդ մարդկանց նկատմամբ եղած խարանն ու խտրականությունը:

Այս օրերին ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնած նաեւ Սպիտակի խնամքի տունը, որտեղ ապրում են հոգեկան եւ մտավոր առողջության խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց շենքի պատուհանները, սակայն, առանց ճաղավանդակների են, բնակիչներն էլ ազատ տեղաշարժվելու իրավունք ու հնարավորություն ունեն: Հայաստանի տարբեր հոգեբուժարաններում տասնյակ տարիներ ապրելուց հետո այսօր այս տան բնակիչները կարողանում են ազատ ելումուտ անել, գնալ շուկա, ուտելու բան պատրաստել:

Ինչպես ասում է հոգեբան Խաչատուր Գասպարյանը, նախագիծը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար այլընտրանքային խնամքի կազմակերպումն է, այսինքն` փորձնական ծրագրով փորձ է արվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց վերադարձնել հասարակական կյանք: Ֆինանսական խնդիրների լուծման մասին պարոն Գասպարյանը ձեռնպահ մնաց որեւէ կարծիք հայտնելուց, սակայն վստահեցրեց, որ նմանատիպ ծրագրերը շատ կարեւոր են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հասարակություն ինտեգրելու առումով: Հենց այդ նպատակով է, որ սեպտեմբերի 5-ից մինչեւ հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում աշխարհը նշում է հոգեկան առողջության եւ մտային խնդիրների համաշխարհային օրը: Ըստ հոգեբան Խաչատուր Գասպարյանի՝ մեկամսյակի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել այդ խնդիրներին:
Հոգեբանի խոսքով՝ Սպիտակի խնամքի տանն ապրելու համար ընտրվել են այն անձինք, որոնք ինքնուրույն կարող են բյուջեն կառավարել, ճաշ պատրաստել, շուկայից առեւտուր անել, բայց որոշակի վերահսկողության ներքո. «Նրանք ապրում են կիսաանկախ, խմբով են ապրում, բայց ժամանակ առ ժամանակ նրանց պետք է այցելեն մասնագետները, որպեսզի վերահսկեն: Նրանք հոգեկան հիվանդությամբ երկարատեւ պատմություն ունեցող մարդիկ են»:
Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ նրանց հիվանդանոցում երկարատեւ պահելով՝ հիվանդությունը չենք բուժում, եւ այդպիսի ծրագրերի միջոցով է, որ կամուրջներ են ստեղծվում հասարակության եւ նրանց միջեւ. «Հոգեկան հիվանդություն ունեցող մարդն ի վիճակի է գնալ խանութ, առեւտուր անել, այդ տանն ապրում են ամիսներ շարունակ` մինչեւ որ մասնագիտական խումբը որոշի, որ նրանք կարող են ինքնուրույն ապրել, եւ նրանք անցում են կատարում հասարակություն»:

Ինչ վերաբերում է հոգեբանական ծառայությունների թանկ լինելուն, որից, ըստ հոգեբանի, պետք է օգտվել մինչեւ գործը կհասնի հոգեբույժին, ապա պարոն Գասպարյանը նշում է, որ այդ հարցը կարելի է հեշտությամբ լուծել: Ըստ նրա՝ այսօր հոգեկան առողջության խնդիրների համար հատկացվող գումարների 90 տոկոսից ավելին ուղղվում է հիվանդանոցներին. «Այդ գումարներն անիմաստ ծախսվում են այն մարդկանց վրա, որոնք քրոնիկական հիվանդներ են, նրանք արդեն դեֆեկտներ ունեն, մի մասին դուրս են գրում, նորից ընդունում են, ոչինչ չի փոխվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի պես երկրներին խորհուրդ է տալիս այդ գումարների 30 տոկոսը ուղղել արտահիվանդանոցային ծառայություններին, այդ դեպքում կարելի է խոցելի հասարակության մեջ նյութական դժվարություններ ունեցող մարդկանց համար ստեղծել հասանելի ծառայություն: Ֆինանսական դժվարություններ ունեցող մարդիկ, որոնք կարիք ունեն հոգեբանի ծառայության, նրանց տրվեն հավաստագրեր, ինչպես հղի կանանց է տրվում, եւ դրանք օգտագործեն իրենց ուզած ծառայություններից օգտվելու համար, որպեսզի անկախ լինեն: Բազմաթիվ տարբերակներ կան, մենք պետք է մտածենք այդ մասին, որովհետեւ հոգեկան առողջությունը ազգի անվտանգության շատ կարեւոր գրավականներից մեկն է: Հոգեպես առողջ ազգը նաեւ կարող է բարձր երազանքների հասնել, բանակի, տնտեսության մեջ հաջողություններ ու ձեռքբերումներ ունենալ»:

«Առավոտի» այն հարցին, թե աշխարհն արդեն նոր սերնդի դեղորայք է կիրառում այս խնդիրների լուծման համար, Հայաստանն ունի՞ այդ դեղորայքը, պարոն Գասպարյանը պատասխանեց. «Այո, Հայաստանում գրանցվեցին ամենավերջին սերնդի դեղորայքներից, բայց այդ արժեքները թույլ չեն տալիս, որ դրանք մտնեն պետպատվերի մեջ, քանի որ թանկ արժեն: Մեր պետպատվերը, ուզենք թե չուզենք, որոշակի սահմանափակումներ ունի:
Կան ջեներիկ դեղեր, որոնք պետպատվերով տրվում են»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

05.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930