«Անձի պարանոիդ խանգարում» ախտորոշումը տալով՝ հանձնաժողովը եզրահանգել է. «Հիվանդությունը, այո, ստացել է ոստիկանությունում աշխատելու ընթացքում»:
Չորս անչափահաս երեխաների հայր է Աշոտ Մկրտչյանը: Փոքրը հինգ ամսական է, մեծը՝ տասը տարեկան, զբաղվում էր շախմատով, ուներ որոշ հաջողություններ: Հայրը երեք երեխաներին այս տարի դպրոց չի ուղարկել, չի կարողացել հոգալ նրանց սոցիալական խնդիրները, եւ մեր դիտարկմանն էլ, թե օրենքով պատժելու են երեխաներին դպրոց չուղարկած ծնողներին, պատասխանում է՝ թող պատժեն նախ աշխատանքից ինձ զրկողներին, ապա՝ ծնողին: Կինը երրորդ կարգի հաշմանդամ է:
Զրուցակիցս՝ 44-ամյա ոստիկանության ավագ Աշոտ Մկրտչանը ՀՀ ոստիկանությունում աշխատել է 19 տարի՝ 1999թ. մայիսի 4-ից 2016թ. օգոստոսի 19-ը: Ծառայել է պահպանության պետական վարչության Կապանի ոստիկանության պահպանության բաժնում: Բաժնի պետի, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանի կողմից տրված ծառայողական բնութագրի համաձայն, նա ազատվել է ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա:
Անցյալ տարի ատամի սուր ցավի հետ կապված դիմել է ոստիկանության պոլիկլինիկա, գանգատվել է դեմքի շրջանում առկա ծանրության զգացողությունից, ատամի եւ քթի շրջանի արտադրությունից: Կապանի պոլիկլինիկայի տված բժշկական քարտի համաձայն ախտորոշումը եղել է՝ «լնդաբորբ, ատամների կարիես», իսկ ըստ Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրի էպիկրիզի, նրա մոտ ախտորոշվել է աջակողմյան հայմորիտ: Վերջին ախտորոշումը հաստատվել է նաեւ ոստիկանության պոլիկլինիկայի կողմից:
Նա վիրահատվել է, քանի որ նրա կյանքը մազից է կախված եղել, բուժսպասարկման հետ կապված նրա վիճակը ծանրացել էր:
Աշոտ Մկրտչյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետին՝ Վլադիմիր Գասպարյանին, բուժսպասարկման, իրեն համակարգից ազատելու, ըստ այդմ, բնակարանի հերթից զրկվելու վերաբերյալ, ինչը առիթ է դարձել ներքին անվտանգության վարչությունում քննարկմանը, եւ հետագայում նրա նկատմամբ մի քանի այլ քայլերի:
Նկատենք, որ ոստիկանությունում քսան տարի աշխատելուց հետո նա անցնելու էր վաստակած հանգստի, իսկ որպես անապահով ոստիկանի՝ բնակարանի հերթն էլ մոտեցել էր: Նա վստահ է, որ Վլ. Գասպարյանին կատարվածի մասին չեն զեկուցել, առաջնորդվել են «կեղծ» թղթաբանությամբ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի՝ Վ.Հարությունյանի 22.07.2016թ. Աշոտ Մկրտչյանին ուղղված գրության համաձայն. «Կատարված փաստական տվյալների ստուգմամբ պարզվել է, որ Ձեր բնակարանի ապահովման հարցը քննարկման առարկա է դարձել ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչությունում, ինչի մասին գրավոր հայտնվել է ոստիկանության Կապանի պահպանության բաժնի պետին, ով իր հերթին ձեզ ծանոթացրել է գրության բովանդակությանը: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ Անահիտ Աղաբեկյանի եւ հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մարգար Խանիկյանի կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու վերաբերյալ, տեղեկություններ ձեռք չեն բերվել»:
Ծառայողական բնութագիրը, որը տվել էր նրա հետ ութ ամիս աշխատած ներկայիս պետը, կար այսպիսի բնութագրում. «Ծառայության ընթացքում մարդկանց հետ շփվելիս հանդես է բերել զսպվածություն, պահպանել էթիկայի նորմերը, իսկ ծառայությունից դուրս նրա վերաբերյալ եղել են պարբերաբար բողոքներ եւ քննադատություններ: Տիրապետել է իր աշխատանքային գործունեությունը կարգավորող հրամանների եւ հրահանգների պահանջներին, սակայն քննադատաբար է վերաբերվել հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը վերաբերող այլ ծառայության ընդգրկվելիս»:
Նրան ոչ պատշաճ բուժզննման վերաբերյալ տարբեր ատյաններ դիմելուց հետո որոշել են ուղարկել հոգեբուժական զննության, ինչին դեմ է եղել Աշոտ Մկրտչյանը:
ՀՀ ոստիկանության բժշկական հանձնաժողովի նախագահի եւ երեք անդամների ստորագրությամբ տրված հիվանդության վկայագրի համաձայն՝ «հիվանդությո՞ւն է» դիտվել հետեւյալ բնութագրող ձեւակերպումները. «Անձը բնութագրվում է կասկածամիտ, բծախնդիր, արդարամիտ, ճշտապահ, հոգատար բնավորության գծերով», կամ՝ «արտաքին տեսքը կոկիկ է, խնամված», կամ՝ «իր մասին տալիս է բավարար ծավալի կենսագրական տվյալներ, հստակ պահելով ժամանակագրային հերթականությունը: Զրույցի ընթացքում իր համար նշանակալի հարցադրումներից հետո մեծ հուզականությամբ եւ հանգամանորեն ներկայացնում է իր նկատմամբ ոչ արդարացի վերաբերմունքը իր տնօրինության կողմից: Իրեն համարում է արժանի աշխատող, որին չեն գնահատում, եւ չեն հատկացրել բնակարանը, ինչի համար բազմաթիվ բողոներ է գրել՝ փորձելով արդարության հասնել»:
Ասացեք, խնդրեմ, որտեղ է «հոգեկան» շեղումը, ինչն առիթ է դարձել չորս անպաշտպան երեխաների հորը աշխատանքից ազատելուն:
Արդյոք, հիվանդության վկայագրում նշվածը «հիվանդությո՞ւն» է. «Համարում է, որ իր կնոջ բուժման հարցում եւս բժիշկները թերացել են»:
«Անձի պարանոիդ խանգարում» ախտորոշումը տալով՝ հանձնաժողովը եզրահանգել է. «Հիվանդությունը, այո, ստացել է ոստիկանությունում աշխատելու ընթացքում»:
Ծառայողական բնութագրի համաձայն, Աշոտ Մկրտչյանին անցյալ տարվա հունվարին հայտարարվել էր խիստ նկատողություն: Մինչ այդ դրական բնութագիրն ունեցող անձի համար նոր բնութագիր է ի հայտ գալիս. «Տույժից հետո նա հետեւություններ չի արել եւ շարունակում է անկիրթ վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ: Անհիմն վիճաբանության մեջ է մտնում վերադասի հետ: Հաճախ չի գիտակցում իր՝ ոստիկանության ծառայող լինելու հանգամանքը եւ չի պատկերացնում իր գործողություններից բխող հետեւանքը»:
Ուշադրության արժանի է այն, որ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենը դիմել է պահպանության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանին, հայտնելով, թե «երբ բողոքն ուղղված է Ձեր դեմ, անհրաժեշտ են պատկերավոր նկարագրություններ ինչպես նրա աշխատանքային գործունեության, այնպես էլ բնավորության գծերի, վարքի, պահվածքի վերաբերյալ…»: Իսկ երբ ստացվել է այդ «պատկերավորը», կազմվել է էլ ավելի պատկերավոր եզրակացություն. «անձի պարանոիդ խանգարում՝ հայցամոլ դրսեւորումով»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
05.09.2017