ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից «Առավոտին» հայտնեցին, որ սեպտեմբերի 18-ին կկայանա երեկո՝ նվիրված ճանաչված ու սիրված օպերային սոպրանո Արաքս Մանսուրյանին: Երեկոն վարող դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը մանրամասնեց, թե հանդիսատեսը այդ օրը հնարավորություն կունենա լսելու տիկին Մանսուրյանի՝ Սիդնեյի կոնսերվատորիայի դասարանի ուսանողներին:
1990-ականների կեսերից նաեւ Սիդնեյի օպերային թատրոնում բեմական ստեղծագործական գործունեությունը շարունակող սոպրանոն հարստացրեց 1977 թվականից Երեւանի օպերային թատրոնում իր խաղացանկը: Մինչ օրս էլ առիթի դեպքում հիշատակվում են հատկապես երգչուհու վերդյան դերերգերը՝ Աիդան՝ համանուն օպերայում, Էլիզաբեթ Վալուան՝ «Դոն Կառլոսում», Տատյանան՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Լիզան՝ «Պիկովայա դամա», Նեդդան՝ Լեոնկավալոյի «Պայացներ», Շուշանը՝ Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերաներում եւ այլն: Իսկ Ավստրալիայում երգչուհու վոկալի եւ դերասանական վարպետության մասին հիացմունքով են արտահայտվել ոչ միայն տեղի, այլեւ արտասահմանյան երաժշտական քննադատները, հատկապես նշելով նրա մեկնաբանմամբ դարձյալ վերդյան դերերգերը՝ Դեզդեմոնան՝ «Օթելլո», Լեոնորան՝ «Ճակատագրի ուժը», Լիույը՝ Պուչինիի «Տուրանդոտ», Էլիզաբեթը՝ Վագների «Տանհոյզեր» օպերաներում եւ այլն: Ժամանակին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցը մեզ հետ զրույցում ասել էր, որ 1990-ականների սկզբներին Արաքս Մանսուրյանը հրավիրվում է Մոսկվա՝ սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կատարելու Արամ Խաչատրյանի «Երեք կոնցերտային արիաները»: Պրոֆեսորը նշել էր նաեւ, որ անկրկնելի է Արաքսը մեծակտավ մի շարք հայտնի ստեղծագործություններում, այդ թվում՝ ռեքվիեմներում, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայում, եւ հավելել, որ երգչուհին եղել եւ մնում է իր եղբոր՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությւոնների անգերազանցելի մեկնաբանը:
Ազգային օպերային թատրոնի 85-ամյակին ընդառաջ՝ այս մշակութային օջախի մասին գրքի հեղինակ, արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն էլ հիշեց, թե երգչուհու անսպասելի որոշումը՝ Ավստրալիա մեկնելու մասին, մտատանջել էր Գոհար Գասպարյանին, բայց Արաքսը անդրդվելի էր. «Գուցե կային պատճառներ, բայց մի բան փաստ է՝ Արաքսի բացակայությունը զգացվեց թատրոնում…: Երգչուհին կարողանում է իր հստակ ու հնչեղ երգային գծին միաձուլել արտահայտչական արտասանությունը, ինչի շնորհիվ էլ նրա երգը դառնում է զրույց, խոստովանություն, լռության մեջ հնչող աղոթք, որը խոսում է ոչ այնքան ականջի, որքան հոգու հետ…»:
Ինչ վերաբերում է Արաքս Մանսուրյանի ուսանողներին, որոնց մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք Երեւանում, առանձնացնենք այսօր արդեն ճանաչված սոպրանո Լիսա Բելլի հետ հարցազրույցից մի հատված («Առավոտ», 01.10.12թ.): «Վոկալ կրթություն ստացել եմ Ավստրալիայում, կատարելագործվել Իտալիայում, ուսանել նաեւ Նյու Յորքի Ջուլիարդ համալսարանում: Սիդնեյի օպերային թատրոնում 2000-ին առաջին բեմելս էր, որին հաջորդեցին ելույթներս նաեւ արտասահմանյան երկրներում: Մի օր լսելով Արաքս ջանի (այդպես է նրան դիմում) Տոսկան, հասկացա, թե ինչ է պակասում ինձ. առաջինը վոկալ տեխնիկան, երկրորդը էմոցիոնալ մեկնաբանությունը, եւ խնդրեցի պարապել ինձ հետ: Ես ներխուժեցի նաեւ Մանսուրյան ընտանիք եւ Արաքս ջանի շնորհիվ երկու անգամ փրկվեց իմ կյանքը (չի մանրամասնել): Շուշանը իմ Արաքս ջանի Հայաստանի դուստրն է, իսկ ես՝ Ավստրալիայինը… Ի վերջո, Տոսկանինին էլ է ասել, որ անհրաժեշտ է ունենալ եւս մեկ ականջ, որին անվերապահորեն կվստահես: Դա իմ Արաքս ջանն է…»,-մեզ հետ զրույցում հայտնել էր Լիսա Բելլը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
05.09.2017
Ուրախ եմ եւ հպարտ,որ Արաքս Մանսուրյան ունենք,ուրախ եմ եւ հպարտ,որ «Հոգեւոր եւ ազգահայրենասիրական երգեր»ի մշակումներս արժանացել են նրա կատարմանը(Կամերային նվագախմբի հետ,Է.Խաչատրյանի ղեկավարությամբ)եւ վերջապես ուրախ եմ եւ հպարտ,որ Արաքսին գիտեմ,ճանչում,հարգում եմ բարեկամաբար սիրում եմ(տիկինս նույնպես)դեռ 1960թվերի սկզբներից…Շնորհավորում եմ Արաքս ջան եւ իսկապես անունդ համահունչ է Արաքս գետի գեղեցկությանը ,հզորությանն ու փայլին:Իսկ թե որտեղ է բնակվում Արաքսը՝ բնավ կարեւոր չէ, կարեւորը նրա հոգեւոր կապն է Մայր Հայրենիքի հետ:Առաջ: