Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցն օպտիմալացման եզրին է

Սեպտեմբեր 05,2017 22:25

Կառավարության որոշմամբ այս տարի հանրապետության մի շարք դպրոցներ օպտիմալացվեցին:  Առաջիկայում կլուծարվեն կամ կվերակազմավորվեն քաղաքներում գործող այլ դպրոցներ եւս: Վանաձորի Սիվաշավան (ԴՈՒՑ) թաղամասում գործող թիվ 26 հիմնական դպրոցը եւս գտնվում է օպտիմալացման եզրին: Դպրոցում կրթություն է ստանում 30 աշակերտ, իսկ նրանց հետ աշխատող ուսուցիչների թիվը 15-ն է: Ընդհանուր թվով դպրոցում աշխատում է 24 մարդ:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կողմից կառավարություն առաջարկություն է ներկայացվել՝ Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցը միավորել Տարոն 2 ՔՇՀ թաղամասում գործող թիվ 28 հիմնական դպրոցին: Այս դպրոցում սովորում է 360 աշակերտ.

«Կրթության գերակա խնդիրներից մեկը համապատասխան որակյալ կրթություն ապահովելն է: Այսօր համապատասխան մասնագետների խնդիրը, թերբեռնված եւ չկազմավորված դասարանների որակյալ կրթություն տալու հետ կապված խնդրի առաջ ենք կանգնած:  Բնականաբար առաջարկությունը եղել թիվ 26 դպրոցի վերամիավորելու թիվ 28 դպրոցին: Կլուծվի աշակերտների տեղափոխման խնդիրը՝ տրանսպորտ կտրամադրվի: Դպրոցն էլ մասնագետներով ապահովված է, եւ չեմ կարծում, որ մեր սովորողների որակյալ կրթության ստանալու իմաստով որոշակի թերացում կլինի: Այս պահին մենք սպասում ենք համապատասխան իրավական փաստաթղթերին, համաձայն որի էլ գործընթացը, ըստ կայացրած որոշման էլ կընթանա»:

ՀՀ ԿԳ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող ավագ  դպրոցներ մարզում չեն օպտիմալացվելու.

«Փոքրաթիվ քանակություն ունեցող դպրոցներում շատ դժվար է կրթություն կազմակերպելը: Այդ իմաստով այդպիսի դպրոցները միավորվել են այլ դպրոցների: Իհարկե, հաշվի է առնվել դպրոցների միջեւ եղած հեռավորությունը, շենքի նախագծային հզորությունները եւ այլն: Մարզում մեր ենթակայության տակ գտնվող դպրոցները չեն օպտիմալացվի: Առայժմն որեւէ հարց չի քննարկվել»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց,  որ դպրոցների օպտիմալացման կարիքը կար, միաժամանակ վստահեցնելով, որ դրա արդյունքում լավագույն մասնագետներն իրենց աշխատանքը չեն կորցնի.

«Նախկինում մեծ ցանկ վերցվեց, հետո կամաց-կամաց դա փոքրացավ: Հիմա 4 տասնյակ դպրոցներ են, որ պետք է օպտիմալացվեն: Օպտիմիզացիայի ժամանակ յուրաքանչյուր ուսուցչի հարցը մանրակրկիտ նայվում է: Այնպես չէ, որ մեխանիկորեն կրճատում լինի: Շատ հաճախ, եթե խոսքը գնում է հիմնական դպրոցների դեպքում մարզպետարաններին մենք ասում ենք, որ ուշադիր լինեք, որ որեւէ որակյալ ուսուցիչ դուրս չմնա: Ինչ խոսք, որ կլինեն մարդիկ, որոնք որ հնարավոր չի լինի, որ ընդգրկվեն, դա բացառապես թող իրենք իրենց մեղադրեն: Այսինքն, լավը չեն եղել, որ իրենց չեն վերցրել: Եթե մասնագիտական որակը տեղում է, ոչ մի ուսուցիչ դուրս չի մնա»:

Թիվ 26 հիմնական դպրոցի լուսանկարները՝ դպրոցի կայքից

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930