Սեպտեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված էր ադրբեջանական խնձորների ներկրման հետ առնչվող քրեական գործով դատական նիստ: Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի նախկին մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Վահե Ասլանյանին, նախկինում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»):
Հ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը,մյուսների հանդեպ՝ կալանավորումը: Քրեական գործը դատարան ուղարկելուց հետո Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ 3 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, նրանք կալանքից ազատվել են:
Սեպտեմբերի 5-ի նիստին չէր ներկայացել քրեական գործով մեղադրող, ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Վարդգես Սարգսյանը: Նա դատարանին հայտնել է, որ այդ օրը ինքը մասնակցում է նախապես նշանակված մեկ այլ դատական նիստի: Նախորդ՝ օգոստոսի 18-ի դատական նիստին եւս Վ. Սարգսյանը չէր ներկայացել:
Դատական նիստին չէր ներկայացել նաեւ պաշտպան Վաղինակ Գեւորգյանը: Ամբաստանյալ Խաչիկ Հակոբյանը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է Վ. Գեւորգյանի պաշտպանությունից: Դատավոր, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը պարզաբանեց, որ նա կարող է օգտվել այլ պաշտպանի վճարովի ծառայություններից, իսկ եթե ներկայացնի իր անապահով վիճակի մասին ապացույցներ, դատարանի որոշմամբ նրան հանրային պաշտպան կտրամադրվի:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 26-ին, ժամը 12-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ